Թաթոյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել բերման ենթարկվածների մոտ

Բավականին լարված իրավիճակ է երևանյան մի շարք փողոցներում։ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա անողներին բերման են ենթարկում. ՄԻՊ–ը մշտադիտարկում է իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ` հաշվի առնելով ՄԻՊ աշխատակազմ հասցեագրված մի շարք ահազանգերը, ինչպես նաև դիտարկումների արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել տեղի ունեցող ակցիաների մշտադիտարկում:

Այս պահին բավական լարված իրավիճակ է երևանյան մի շարք փողոցներում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են ընթանում. ցուցարարներին բերման են ենթարկում։

Արդեն 37 մարդ է բերման ենթարկվել։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունն առաջարկում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։