Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է բանակցությունների գլխավոր հարցը. Էդվարդ Նալբանդյան

Նալբանդյանը բացարձակ սխալ է համարում պնդումներն այն մասին, թե Ռուսաստանը բանակցություններից դուրս է թողել ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի Sputnik. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակն այս փուլում բանակցությունների գլխավոր հարցն է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնի Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ։

Հայաստանն ունեցել է պատերազմի ընթացքում Ղարաբաղը ճանաչելու բոլոր հիմքերը. Նալբանդյան

Նա ասել է, որ կարգավիճակի հարցը հիշատակված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների՝ օրեր առաջ հրապարակված հայտարարության մեջ, միևնույն ժամանակ ռուսաստանյան իշխանությունների հայտարարություններում նշվել է, որ հարցը մնում է բաց, ու այն կարող է դիտարկվել ապագայում։

Նալբանդյանը կարևոր է համարում այն, թե համանախագահներին որքանով կհաջողվի շարունակել բանակցությունները Ղարաբաղի միջանկյալ, ժամանակավոր կարգավիճակը սահմանելու համար։ Բոլոր փաստաթղթերում միջանկյալ կարգավիճակը շատ լուրջ կետ է։

Բանակցությունների ընթացքում քննարկված՝ հակամարտության վերաբերյալ բոլոր փաստաթղթերում նշվում է, որ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի ժամանակ պետք է կազմավորվեն իշխանության բոլոր ճյուղերը, ստեղծվեն իրավապահ ուժեր, հնարավորություն լինի արտաքին հարաբերություններ կառուցելու, օտարերկրյա ներդումներ գրավելու համար։

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մոտավոր ժամկետ չկա. Ռուսաստանի ԱԳՆ

Նախկին արտգործնախարարը բացարձակ սխալ է համարում պնդումներն այն մասին, թե Ռուսաստանը բանակցություններից դուրս է թողել ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը։ Նա նշել է, որ բանակցությունների ողջ գործընթացում կարգավիճակի հարցը՝ ինչպես վերջնական, այնպես էլ՝ միջանկյալ, եղել է բոլոր աշխատանքային փաստաթղթերում թե 2011-ի հունիսի Կազանյան հանդիպումից առաջ, թե դրանից հետո։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։