Ինչքա՞ն մնաս հարազատի տանը. Շիրակի մարզ տեղափոխված արցախցիները չգիտեն` վերադառնան, թե ոչ

ԼՂ հակամարտության պատճառով շատ արցախցիներ ժամանակավորապես բնակություն հաստատեցին նաև Շիրակի մարզում: Հիմա արդեն վերադառնալու ժամանակն է, բայց ու՞ր` կա՛մ գյուղը չկա, կա՛մ տունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Պատերազմի ընթացքում Շիրակի մարզ տեղափոխված մոտ 1300 արցախցի դեռ անորոշության մեջ է՝  ո՞ւր գնալ, եթե իրենց բնակավայրն այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել կամ տունն են կորցրել: Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ շատերը փնտրտուքների մեջ են՝ որտե՞ղ ապրեն, գնա՞ն Արցախ, թե՞ չգնան։

Տնից ու բնակավայրից զրկված արցախցիներին ՀՀ կառավարությունը միանվագ օգնություն կտրամադրի

«Ընտանիք կա, մեկ անդամը գնում է, որ հասկանա` կարո՞ղ են բոլորով վերադառնալ, նորմալ ապրել, թե ոչ։ Կան մարդիկ, ովքեր արդեն գնացել, տեսել են, որ իրենց գյուղը, տունը, տեղը ոչ մի բանը չկա, թողել, հետ են եկել»,- նշեց Լիլիթ Գորգինյանը:

Եթե սկզբնական շրջանում Արցախից եկածների հիմնական խնդիրները հագուստի ու սննդի հետ էին կապված, հիմա՝ ձմռան գալուն պես, նաև կոմունալ ծախսերն են ավելացել: Շատերի համար հստակ է, որ այլևս չեն կարողանա վերադառնալ իրենց տուն, միաժամանակ չեն էլ կարող հարազատների տներում տևական ժամանակ ապրել: Չէ՞ որ մի բան է մի քանի օր մնալ հարազատի տանը, մեկ այլ բան` անորոշ ժամանակով:

Շիրակի մարզ եկած արցախցիներից 700-ն արդեն վերադարձել են: Գորգինյանն ասում է, որ թվերը մոտավոր են, փոխվում են ամեն օր. մինչ օրս և՛ Արցախ են վերադառնում, և՛ այնտեղից գալիս են:  

Ջաբրայիլի մարտերում հրաշքով ողջ մնացած Սեյրան Սողոյանն աշխատանքի է ընդունվել

Սեպտեմբերի 27-ից հետո Արցախի տարբեր շրջաններից Շիրակի մարզ եկան մոտ 2 հազար արցախցի: Նրանց գերակշիռ մասը Գյումրիում բարեկամներ ունեին, կամ նախկինում իրենք էին բնակվել այստեղ: Գյուղական բնակավայրերում բնակվողները համեմատաբար քիչ էին: Այս ընթացքում Գյումրի ժամանակավոր բնակության եկան նաև արցախցիներ, որոնք ո՛չ բարեկամ, ո՛չ ազգական ունեին այս կողմերում:

Արցախի անկախության ճանաչման հարցը` պետական գաղտնիք. Մարուքյանն ավելին ասել չի կարող

Նրանք ապրում են ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի  նախարարության ենթակայության տակ գտնվող նախկին գիշերօթիկ հաստատություններում: Հյուրանոցներն ու հյուրատները ևս ընդունեցին պատերազմից տուժած արցախցիներին:

«Շատ լավ են մեզ այստեղ նայում, նույնիսկ առողջությունս է այստեղ կազդուրվել, բայց իմ տուն-տեղս շատ եմ կարոտել:  Երանի հիմա իմ տանը լինեի, իմ այգում, նույնիսկ կովերիս եմ երազիս տեսնում, բայց հիմա Արցախ ո՞նց գնամ, ո՞ւր գնամ»,-ասում է Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղի 80-ամյա բնակչուհի Ռոզա Շաքարյանը:

Հայրենի տան ու շենի երազանքը սրտերում դեռ շատ արցախցիներ են շարունակում ապրել Հայաստանում։ Շիրակի մարզ տեղափոխվածները պատրաստ են վերադառնալ, սակայն տուն-տեղ չունենալն ու վախը դեռ ոմանց հետ է պահում վերադարձի մտքից: