Հայաստանն ունեցել է պատերազմի ընթացքում Ղարաբաղը ճանաչելու բոլոր հիմքերը. Նալբանդյան

ՀՀ նախկին արտգործնախարարն ասել է, թե ինչու երկար տարիներ Հայաստանի չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանը բոլոր հիմքերն ուներ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը վերջերս տեղի ունեցած պատերազմի ժամանակ։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նախկին նախարարը կարծում է, որ ի տարբերություն 2016 թվականի ապրիլյան պատերազմի, որն ավարտվել է երեքուկես օրվա ընթացքում, ներկայիս պատերազմը շատ ավելի երկար է տևել: Ավելին, Ադրբեջանը երեք անգամ խափանել է հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունները։ Դա, ըստ Նալբանդյանի, բավական էր, որ Երևանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, և դա «կարող էր օգուտ տալ»։

Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարը հիշեցրել է, որ երկար տարիներ Հայաստանը ձեռնպահ է մնացել նման քայլից, քանի որ միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասում էին, որ ճանաչումը կվտանգի բանակցությունների հետագա ընթացքը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։