Երթևեկությունը կաթվածահար է. հազարավոր ցուցարարներ պահանջում են վարչապետի հրաժարականը

Ցույցերը շարունակվելու են, քանի դեռ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած երկրի ղեկավարը չի հեռացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Ցուցարարները կաթվածահար են արել Երևանի Մաշտոցի պողոտայի երթևեկությունը։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներից մեկնարկած «Արժանապատվության երթը»՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով, շարունակվում է Մաշտոցի պողոտայում։

Երևանում ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. տեսանյութ

Հազարավոր քաղաքացիներ քայլում են փողոցի երթևեկելի հատվածով և վանկարկում «Նիկոլ, հեռացիր»։ Երթն առաջնորդում են խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք քաղաքական գործիչներ, նրանց թվում են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, ՀՅԴ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և ուրիշներ։

Նրանք պնդում են՝ ցույցերը չեն դադարելու, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել։

««Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հողատու, հեռացիր»»,- վանկարկում են երթի մասնակիցները, վարորդները միանում են ցուցարարների պահանջին ազդանշաններով, իսկ հարակից շենքերի բնակիչներն էլ իրենց պատշգամբներից են աջակցություն հայտնում «Արժանապատվության երթի» մասնակիցներին։

Երևանում ընթանում է «Արժանապատվության երթը»՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Մաշտոցի պողոտայից ցուցարարները որոշեցին երթը շարունակել Ամիրյան փողոցով։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունն առաջարկում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհդրի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։