ՌԱԴԻՈ

«Էրդողանը ղալաթ է արել», կամ ՀՀ–ի նախաձեռնությամբ կարող է հակաթուրքական դաշինք ստեղծվել

Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանի ճառին առնչվող իրանական արձագանքներին։
Sputnik
«Էրդողանը ղալաթ է արել», կամ ՀՀ–ի նախաձեռնությամբ կարող է հակաթուրքական դաշինք ստեղծվել

Բաքվում կայացած շքերթին հաջորդած իրանական արձագանքները ոչ այնքան կապված էին զորահանդեսի, որքան Թուրքիայի անմիջական ու ակնհայտ մասնակցության հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գարիկ Միսակյանը` նշելով, որ եղան շեշտադրումներ զինված ուժերի, ինչպես նաև Էրդողանի ելույթի մասին, երբ Թուրքիայի նախագահը բանաստեղծության տեսքով կոչ հղեց Արաքսի մյուս ափին գտնվող թուրքերին, ինչն ըստ էության նաև Իրանում պանթուրքիստական անջատողական շարժումների կարգախոսներից մեկն էր։

«Իրանական սոցիալական ցանցերում` և՛ Telegram-ում, և՛ Twitter-ում, և՛ մյուս համացանցային հարթակներում մտավոր հատվածի ներկայացուցիչները բողոքի լուրջ ձայն բարձրացրին, իսկ ազգայնականները հակաթուրքական ու հակաէրդողանական «Էրդողանը ղալաթ է արել» հեշթեգով բավականին մեծաքանակ գրառումներ տարածեցին։ Դրանց հետևեց նաև Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի թվիթերյան հայտնի գրառումն առ այն, որ Էրդողանը սխալ դիտարկում է արել կամ չի գիտակցել, որ այդ կերպ անհարկի վերաբերմունք է ցուցաբերել Ադրբեջանի անկախության հանդեպ»,– նշեց իրանագետը։

Միսակյանը վկայակոչեց մասնավորապես արտգործնախարար Զարիֆի այն գնահատականը, որի համաձայն` նախագահ Էրդողանին չեն տեղեկացրել, որ Բաքվի շքերթում նրա արտասանածը վերաբերում է Արազից հյուսիս գտնվող Իրանի հողերի իրանական հայրենիքից բռնի կերպով տարանջատելուն։ Զարիֆի գրառումից հետո Իրանի ԱԳՆ խոսնակ Խաթիբզադեն հայտարարեց, որ Թեհրանում Թուրքիայի դեսպանին բացատրություններ տալու համար հրավիրել էին ԱԳՆ։

ՀՀ–ն պատրա՞ստ է մտնել «վեցյակի» հարթակի մեջ. Աբրահամյանը` էրդողանի հայտարարության մասին

«Իրանի արտգործնախարարի հայտնի գրառումից հետո նաև Ադրբեջանում այդ երկրի դեսպան Աբբաս Մուսավին և նախագահ Ռոհանիի կառավարության պրոադրբեջանական գործիչները նույնպես հանդես եկան լուրջ քննադատությամբ»,– նշեց իրանագետը։

Նրա խոսքով` դատելով Էրդողանի ծավալապաշտական քաղաքականությունից՝ մոտ ապագայում ստեղծվելու է հակաթուրքական դաշինք ձևավորելու լավ հնարավորություն, որի նախաձեռնողներից կարող է լինել նաև Հայաստանը։

Նա ընդգծեց, որ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունից բխող սպառնալիքը, բացի մեր երկրից ու Իրանից, կարող է նույն դաշինքի մեջ միավորել Իրաքի քրդերին, ինչու ոչ, նաև Ռուսաստանին, որովհետև եթե ընդհանուր առմամբ մի կողմ թողնենք կովկասյան տարածաշրջանը, ապա ՌԴ–ն Թուրքիայի հետ հակասություններ ունի Ղրիմի, Սիրիայի, Լիբիայի, Ուկրաինայի հետ կապված հարցերում, որտեղ կարող են լինել աշխարհաքաղաքական շահերի բախումներ։

Հիշեցնենք` դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած շքերթում Էրդողանն իր ելույթում արտասանել էր ադրբեջանցի բանաստեղծ Բախտիար Վահաբզադեի պոեմից մի հատված` Հարավային Ադրբեջանի և Հյուսիսային Ադրբեջանի տարանջատման մասին։ Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Twitter-ում պատասխանեց նրան։