Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել պատերազմում զոհված 2996 զինծառայողի մարմին. ԱՆ

Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 302 մարմին: Հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը դատաբժշկական փորձաքննության է ենթարկել արցախյան պատերազմի հետևանքով զոհված 2996 զինծառայողի մարմին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Արցախում զոհվածների մարմինների հանձնման հարցում ԿԽՄԿ-ն աշխատում է ռուս խաղաղապահների հետ

Նրա խոսքով` այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 մարմին:

«Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1816 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից` 993 ԴՆԹ նմուշ»,-ասաց Նիկողոսյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 10-ի դրությամբ հարազատների 256 նմուշ և մարմինների 541 նմուշ գտնվում է հետազոտման փուլում:

Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 302 մարմին: Հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են:

Զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը կատարվում է հնարավոր բոլոր միջոցներով. ՊՆ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 10-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1779 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը