Ցուցարարները փակել էին Մոլդովական-Թոթովենց ճանապարհը, որը տանում է դեպի ՊՆ

Ցուցարարները վստահ են, որ քաղաքակիրթ մեթոդներով և օրենքի սահմաններում իրականացվող ակցիաներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հեռանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները քիչ առաջ փակել էին Երևանի Մոլդովական-Թոթովենց խաչմերուկը, որտեղով անցնում է պաշտպանության նախարարություն տանող ճանապարհը։ Երթևեկությունը կաթվածահար էր եղել։ Քաղաքացիները գոռում էին «Նիկոլ դավաճան»,«Նիկոլ, հեռացիր»։

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը որոշ ժամանակով կաթվածահար է եղել բողոքի ակցիայի պատճառով

Ցուցարարները հորդորում էին անցորդներին միանալ իրենց, քանի որ իրենց շարժումը հայրենիքի փրկության համար է։

Տասնյակ ոստիկաններ կարողացան վերականգնել կաթվածահար եղած երթևեկությունը։

Ցուցարարները բավականին բորբոքված էին։

«Ընդդիմադիր ուժերն ուզում են քաղաքակիրթ ձևով հեռացնել Փաշինյանին, բայց նա քաղաքակրթությունից հեռու է։ Նրան պետք է շատ դաժան ձևով հեռացնել, անգամ սատկացնել, որ հետագայում ոչ մեկը չհամարձակվի հայրենիքը դավաճանել»,–ասաց ցուցարարներից մեկը։

Նա նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի, իր խոսքով, կեղծ աջակիցներին։

Չի զլանում օծանելիքի մասին խոսել, իսկ Ալիևի ու Էրդողանի ասածներին չի պատասխանում. Տոնոյան

«Ապարանում Նիկոլ Փաշինյանն իր կամակատար Ռազմիկ Պետրոսյանի միջոցով (Արագածոտնի փոխմարզպետն է, «Ապարան» ջոկատի հրամանատարը-խմբ.) հավաքներ է կազմակերպում, բայց դա չի նշանակում, որ ապարանցիները դեմ են, որ Նիկոլը հեռանա։ Ապարանցի տղաները, որոնք 30 տարի պահել էին Օմարի լեռնանցքը, չէին իջնում դիրքերից։ Ապարանցիների անունի հետ թող չխաղան, ինքս ապարանցի եմ ու դեմ եմ Նիկոլին ու դուրս եմ եկել պայքարի, որ նա հեռանա»,–ասաց ցուցարար կինը։

Հավելենք, որ Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիր ուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վարչապետի՝ Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածուն Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է։

Քիչ առաջ ցուցարարները փակել են Դավիթ Անհաղթ-Ուլնեցի խաչմերուկը։