Բողոքի ակցիա Գյումրիում. ցուցարարները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը

Ակտիվիստները վստահեցնում են, որ իրենք այնքան են պայքարելու, մինչև Փաշինյանը հրաժարական տա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Գյումրիում մի խումբ ակտիվիստներ փակել էին «Հայուհու» հրապարակը՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Որոշ ժամանակ Գարեգին Նժդեհ և Ալեք Մանուկյան փողոցներում երթևեկությունը կաթվածահար էր եղել:

«Մենք պայքարելու ենք մինչև վերջ, քանի դեռ դավաճանները իշխանության մեջ են ու քանի դեռ դավաճանական գործողությունները չեն վերջացրել։ Պետք է գոնե Սյունիքն ու Տավուշը փորձենք փրկել ու հետ տված հողերն էլ հետ բերենք։ Այլ տարբերակ չունենք»,- Sputnik Արմենիային ասաց ակցիայի մասնակից Կարապետ Պողոսյանը։

Նա տեղեկացրեց, որ կմշակվի գործողությունների պլան, որին համապատասխան գործողություններ կիրականացվեն, քանի դեռ Փաշինյանը հրաժարական չի տվել:

Ավելի ուշ Պողոսյանը Facebook–ի իր էջում գրեց. «Մեզ տեղափոխեցին ոստիկանության Մուշի բաժին»։

Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը, սակայն, Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ նշված ակցիայի որևէ մասնակից Գյումրիում այսօր բերման չի ենթարկվել:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունն առաջարկում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։