Բերդավանում ադրբեջանցի տղամարդ է հայտնվել. նա ձերբակալվել է

Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ։ Հայաստանի պետական սահմանը հատած ադրբեջանցին ունի կասկածյալի կարգավիճակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Տավուշի մարզի սահմանամերձ  Բերդավան համայնքում նոյեմբերի 9-ի գիշերն ադրբեջանցի տղամարդ է հայտնվել: Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ ադրբեջանցին ապօրինի կերպով հատել է ՀՀ պետական սահմանը։

Ադրբեջանցիներով շրջապատված գյուղերը. ինչ ճանապարհներով գնալ Արցախը «վերաձևելուց» հետո

«Օպերատիվ տվյալներ են ստացվել, որ ադրբեջանցի տղամարդը հատել է ՀՀ պետական սահմանը։ Որոնողական աշխատանքների արդյունքում այդ անձը հայտնաբերվել է։ Հարուցվել է քրեական գործ. նա ունի կասկածյալի կարգավիճակ և ձերբակալվել է»,–ասացին ԱԱԾ–ից։

Դեպքի առնչությամբ այլ մանրամասներ չեն կարող տրամադրել` նախաքննական գաղտնիքով պայմանավորված։

Հիշեցնենք, որ երեկ Արցախի Մարտունու քաղաքապետարանից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Մարտունի քաղաքի բնակիչ Արարատ Խաչատրյանը նոյեմբերի 30-ի երեկոյան մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Նրան սպանված էին գտել ու Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աջակցությամբ դին հանձնել էին հայկական կողմին։