Արմավիրից ՌԴ արտահանված բանջարեղենում հայտնաբերված վիրուսի թեմայով հանդիպում է անցկացվել

Մասնագետի խոսքով՝ այս հիվանդությունը Հայաստանի համար նորություն է, պետք է անհրաժեշտ ամեն ինչ արվի դրա տարածումը կանխելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր հանդիպել է հանրապետության խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանից արտերկիր բանջարեղեն արտահանողների հետ: ՍԱՏՄ մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննարկվել են մշակաբույսերի անվտանգության ապահովման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը և լաբորատոր փորձաքննությունների կարևորությունը:

«Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է Ռուսաստանին մատակարարվող լոլիկում հայտնաբերված վարակով

«Գեորգի Ավետիսյանը, ներկայացնելով ՀՀ-ի Արմավիրի մարզից ՌԴ արտահանված լոլիկի ու պղպեղի որոշակի խմբաքանակում Pepino Mosaic վիրուսային հիվանդության հայտնաբերման հետ կապված խնդիրը, տեղեկացրել է, որ թեև ԵԱՏՄ կարանտին հիվանդությունների ցանկում նշված հիվանդությունը ներառված չէ, սակայն ընդունող երկիրը կարող է խնդիր տեսնել իր տնտեսության համար և ստուգել հիվանդության առկայությունը ներմուծվող բանջարեղենում: Այդ վիրուսը, ինչպես նաև բույսերի այլ հիվանդությունները, մարդու առողջության և կյանքի համար վտանգավոր չեն, սակայն դրանք վնաս կարող են հասցնել տնտեսությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ ջերմոցային տնտեսություններում Pepino Mosaic վիրուսային հիվանդության նկատմամբ մշտադիտարկում կիրականացվի։ Նպատակը դրա առկայությունն ու տարածվածությունը հստակեցնելն է։

Հանդիպման ընթացքում մասնագետը ներկայացրել է հիվանդության պատկերը։ Ջերմոցատերերին կտրամադրվի համապատասխան մասնագիտական գրականություն դրա դեմ պայքարի մեթոդների մասին: ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանի խոսքով՝ Pepino Mosaic վիրուսային հիվանդությունը Հայաստանի համար նորություն է, և այս պահին պետք է արվի հնարավորը՝ այն հայտնաբերելու և տարածումը բացառելու նպատակով:

ՌԴ-ի կողմից սահմանափակումները բացառելու նպատակով ՍԱՏՄ-ն նախատեսում է իրականացնել արտահանվող բանջարեղենի, մասնավորապես՝ լոլիկի և պղպեղի, նմուշների լաբորատոր փորձաքննություն նաև այս հիվանդության նկատմամբ:

Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ից արգելվում է Հայաստանի Արմավիրի մարզից լոլիկ և պղպեղ ներմուծել Ռուսաստանի Դաշնություն: Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիային ասել էր, որ «պեպինոն» երբեք չի ընդգրկվել ԵԱՏՄ–ի կողմից սահմանված կարանտին վնասատուների ցանկում, այդ պատճառով էլ համապատասխան հետազոտություն չի անցկացվել։