Վարչապետը շնորհավորեց. Արարատի մարզը նոր ղեկավար ունի

Արարատի նոր մարզպետը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է ու Երասխի գինու գործարանի տնօրենը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Արարատի մարզպետի թափուր մնացած պաշտոնում գործարար Ռազմիկ Թևոնյանին նշանակելու որոշումը։

Արարատի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Կառավարությունը հաստատեց նշանակումը, վարչապետը շնորհավորեց ներանշանակ մարզպետին, որն, ի դեպ, ներկա էր կառավարության նիստին, բայց ելույթ չունեցավ։

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հասատատեց նաև Արարատի արդեն նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի պաշտոնանկությունը։

Հիշեցնենք` Գարիկ Սարգսյանը երեկ հրաժարականի դիմում էր ներկայացրել ու այդ մասին հայտնել Facebook-ի իր էջում։

Ինչ վերաբերում է նոր մարզպետին` նա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է։

Ըստ մամուլի` գործարար Ռազմիկ Թևոնյանը 2018-ին ակտիվորեն մասնակցել է «թավշյա հեղափոխությանը»` փակելով Երևան–Արարատ մայրուղին։ Իսկ 2020թ–ին անձամբ է ցրել մարզում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված բողոքի ակցիան ու բացել ընդդիմության փակած մայրուղին։

Հայտնի է` ով կփոխարինի Հունան Պողոսյանին. Սյունիքը նոր մարզպետ ունի

Ռազմիկ Քերոբի Թևոնյանը Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել, 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու։

Ծնվել է 1961թ-ին Արարատի շրջանի Արալեզ գյուղում, սովորել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել Արտաշատի պահածոների գործարանում որպես տեխնոլոգ, ապա արտադրամասի պետ։

1991թ-ից մինչ օրս Երասխի գինու գործարանի տնօրենն է։