ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հանդիպել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի թիմին՝ կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Սարգսյանը նշել է, որ ի վերջո դառն իրողությունն ընդունելու խիզախություն պետք է ունենանք, գնահատական տանք սխալներին ու արդյունավետ քայլերով առաջ շարժվենք
«Փրկիչներ չկան: Մենք պետք է ունենանք զարգացման տեսլական, ռազմավարություն, ծրագիր: Պետք է ընդունենք, որ ունենք խորը ճգնաժամ, ընդ որում, ոչ թե մեկը, այլ՝ մի քանիսը: Մենք պետք է հրաժարվենք ցանկալին որպես իրականություն մատուցելուց, հրաժարվենք ստից ու կեղծիքից, ֆեյքերով միմյանց վրա ցեխ շպրտելուց»,–ասել է նախագահը։
Սարգսյանը նշել է, որ առավել քան երբևէ հավատում է մեր ժողովրդի ուժին ու ոգուն։ Նրա խոսքով` մենք բոլորս պարտավորություն ունենք մեր նախնիների, մեր ժողովրդի առջև:
Խոսելով առկա ճգնաժամային իրավիճակի և պատերազմի ընթացքում մեր կրած ցավալի կորուստների մասին՝ նախագահն ընդգծել է, որ որպես ժողովուրդ և պետություն մենք այլ ընտրություն չունենք, քան միասնական ուժերով, ձեռք ձեռքի տված ոտքի կանգնելը։
Սարգսյանը նշել է, որ նախապատրաստել է իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ և հանդիպման մասնակիցներին առաջարկել է ներկայացնել իրենց լուծումները:
Հիշեցնենք, որ այսօր Արմեն Սարգսյանը հանդիպել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Քննարկվել էր երկրում ստեղծված իրավիճակը: