ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Դավիթ Բեկի հատվածը հսկում է զինված ուժերի անձնակազմը։ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին հայտնել է 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հարությունյանն այսօր այցելել է 5-րդ բանակային զորամիավորում, որտեղ էլ անդրադարձել են վերոհիշյալ թեմային։
Դավիթ Բեկի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը Factor.am–ին հայտնել էր, որ ադրբեջանցիները գյուղից 1-1․5 կմ հեռավորության վրա են, բայց առաջնագծում համայնքի կամավորական ջոկատներն են կանգնած։ Նա խնդրել էր ՊՆ-ին փոխանցել, որ կանոնավոր զորք տանեն Դավիթ Բեկի սահման։
«Սերյոժա Ստեփանյանը վստահեցրել է, որ առաջնագծի տվյալ ուղղության ողջ երկայնքով տեղակայված ԶՈւ անձնակազմը կատարում է իր առջև դրված խնդիրները»,–նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Ստեփանյանը պաշտպանական նախարարին է ներկայացրել զորամիավորման խնդիրները, հետպատերազմյան ծառայողական առօրյան ենթակա ստորաբաժանումներում, նախանշել առաջիկա անելիքները: Հակիրճ վերլուծվել են նաև արցախյան պատերազմում զորամիավորման ենթակա զորամասերին առաջադրված մարտական խնդիրների կատարման արդյունքները։
Ո՞ր բնակավայրերն են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ. նոր ցանկ