Հույս ունենք` Մինսկի խումբը կօգնի կարգավորել չլուծված բոլոր հարցերը. Արա Այվազյան

ՀՀ ԱԳ նախարարը ֆրանսիական «Լը Մոնդ» թերթին հարցազրույց է տվել` անդրադառնալով նաև գերիների թեմային։ Այվազյանը նշել է` շուտափույթ կերպով պետք է լուծել այդ հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և մտադիր է հետագայում համանախագահների հետ քննարկել հակամարտության հետ կապված մի շարք թեմաներ: Ֆրանսիական «Լը Մոնդ» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Հայաստան ու Ադրբեջան

«Ադրբեջանի կողմից Մինսկի խմբին և նրանց ցուցաբերած աջակցության ուղղված քննադատությունները քիչ չէին։ Հայաստանը միշտ վստահ է եղել և այժմ էլ նույն կարծիքին է, որ, ընդհակառակը, Մինսկի խմբի համանախագահներն առանցքային դեր են խաղացել հակամարտության հարցում, ինչն էլ թույլ է տվել 20 տարվա ընթացքում տարածաշրջանում ապահովել համեմատաբար կայուն խաղաղություն: Ուզում եմ հիշեցնել նաև, որ պատերազմող կողմերի միջև ոչ մի բաժանարար ուժ գոյություն չի ունեցել»,–ասել է Այվազյանը` պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է Մինսկի խումբը հետագայում նույնպես դերակատարություն ունենալ հակամարտության կարգավորման գործում։

Նախարարն ասել է, որ Մինսկի խմբի երեք համանախագահներն առաջիկայում պետք է այցելեն ԼՂ, և հայկական կողմը հույս ունի, որ նրանք կօգնեն չլուծված բոլոր հարցերը լուծել։

Ինչ վերաբերում է գերիների փոխանակմանը, ապա նախարարը հայտնել է, որ հայկական կողմը «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման սկզբունքի համաձայն կազմել է նախնական ցուցակները:

ՄԱԿ-ը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո

«Ես ձեզ ճշգրիտ թվեր չեմ ներկայացնի, քանի որ մենք կասկածներ ունենք, որ Ադրբեջանը չի հայտնում հայ գերիների իրական թիվը, և որ իրականում նրանց քանակը շատ ավելին է։ Սակայն այս հարցը պետք է հրատապ կարգով լուծել, քանի որ կան ապացույցներ, որ գերիները ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի»,–ասել է նախարարը։

Ղարաբաղյան կարգավորման գործընթացը սերտաճել է ներքաղաքական խնդիրների հետ. փորձագետ

Նա հավելել է, որ Հայաստանն աշխատանքներ է տանում իր գործընկերների, հատկապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որպեսզի ապահովի գերիների շուտափույթ վերադարձը։ ՀՀ արտգործնախարարը նշել է` խնդիրն այն է, որ նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածության մեջ չի նշվում գերիների փոխանակման վերջնական ամսաթիվ, ինչից էլ օգտվում է Բաքուն։ Ըստ Այվազյանի` Բաքուն այդ կերպ փորձում է նաև ազդել Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի վրա։

Հիշեցնենք, որ Արա Այվազյանը աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել դեկտեմբերի 9-ին։