Հադրութում ռուս խաղաղապահներն անհետ կորածներին գտնելու աշխատանքներ են սկսել

Խաղաղապահներից բացի որոնողական աշխատանքներին կմասնակցեն նաև Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները։ Խմբում ներգրավված են լինելու նաև ականազերծողներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Էջմիածնի զորամասի մոտ հավաքված` անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր սպասում են Պն ներկայացուցիչներին, որպեսզի վերջինները գան ու իրենց փոխանցեն Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հայտնած տեղեկությունները։ Այս մասին լրագրողներին հայտնեցին ակցիայի մասնակիցները։

«Մենք սպասում ենք, որպեսզի մեզ հայտնեն Մուրադովի պատասխանը` տվյալ տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու մեր առաջարկին։ Մեզ ասացին, որ մենք ՊՆ չգնանք. իրենք կգան ու այստեղ մեզ Մուրադովի պատասխանը կհայտնեն»,– ասաց Մանյա Մելոյանը, որն արդեն տևական ժամանակ լուր չունի իր ամուսնուց։

Այդուհանդեձ, ՀՀ ՊՆ–ի հետ անհետ կորածների հարազատները հույսեր չեն կապում։ Ասում են` իրենց այնքան են խաբել, որ այլևս չեն հավատում նրանց ոչ մի խոսքին։ Միակն հույսն այն է, որ տղաները կգտնվեն ու կվերադառնան իրենց ընտանիքներ։

«Ասացին՝ վրիպակ է, սխալ տեղ են տարել տղերքին». անհետ կորածների ծնողները պատասխան են ուզում

Ակցիայի մասնակիցները նաև հեռախոսակապ հաստատեցին ռուս խաղաղապահների հետ։ Նրանք հայտնեցին, որ այսօր որոնողական աշխատանքներ են տարվում Հադրութի շրջանում։

«Այսօր ՀՀ ՊՆ–ի հետ համաձայնեցված գրաֆիկով երկու խումբ որոնողական աշխատանքներ է իրականացնում Հադրութի շրջանում։ Հերթի մեջ են նաև Ջաբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի շրջանները։ Մասնակցելու են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները։ Խմբում ներգրավված են լինելու նաև ականազերծողներ, քանի որ քաղաքացիական բնակչության համար դա վտանգավոր է»,– հայտնեց խաղաղապահների ներկայացուցիչը։

Անհետ կորածների ու գերիների ընտանիքները ամսական 300 000 դրամ գումար կստանան

Թե երբ որոնողական աշխատանքներ կիրականացվեն Զանգելանի շրջանում, որտեղ հարազատների տեղեկություններով, կորել են իրենց զինվորները, խաղաղապահների ներկայացուցիչը դժվարացավ պատասխանել` նշելով, որ դա կարող է լինել վաղը կամ մյուս օրը։

Հիշեցնենք` Էջմիածնի զորամասից Արցախ մեկնած 60 հոգանոց խմբից 34 զինվոր անհետ կորել են։

Նրանց ծնողների պնդմամբ` արդեն 52 օր իրենք իրենց զավակներից լուր չունեն։ Զորամասի ղեկավարության ու ՊՆ–ի դեմ իրենց պարբերաբար անցկացվող բողոի ակցիաներն առայժմ որևէ արդյունք չեն տալիս։

«Աղաչում եմ, չլացես, մամ. հերոս կմնամ». անհետ կորած զինվորի վերջին նամակը