Գյումրիում էլ տոնածառ չեն դնի, միակ զարդարանքը կլինի գրությունը

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարեց` այս տարի ո՛չ տոնածառ կլինի, ո՛չ էլ զարդարանք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Գյումրու ավագանին դեկտեմբերի 10-ին կայացած նիստի ժամանակ միաձայն որոշեց Նոր տարվա կապակցությամբ չզարդարել քաղաքը` հաշվի առնելով արցախյան պատերազմի ընթացքում զոհվածների մեծ թիվը:

«Այս Ամանորին չի լինի ո՛չ տոնածառ, ո՛չ զարդարանք»,– ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Միակ զարդարանքը կլինի քաղաքապետարանի շենքի վրա և «Անի» թաղամասում ամրացված «Շնորհավոր 2021» գրությունը:

260 զոհված զինծառայողի մարմին նույնականացվել է. Հայաստանը ևս մեկ սարք է փորձում ձեռք բերել

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը դեկտեմբերի 2–ին Sputnik Արմենիային հայտնել էր, որ այս տարի Հանրապետության հրապարակում տոնածառ չի տեղադրվելու: Նոյեմբերի 24-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ որոշվել էր Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ հատկացնել Ստեփանակերտին։ Այդ գումարը պետք է ծախսվեր Երևանում ամանորյա տոնական միջոցառումների կազմակերպման համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 10-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1779 զոհվածների անունները։