ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության շենքի դիմաց ընթանում է Հայրենիքի փրկության շարժման հերթական հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Ակցիայի մասնակիցներն այս անգամ իրենց հետ մանր մետաղադրամներ էին բերել, որոնք լցրեցին կառավարության շենքի առջև՝ մեղադրելով վարչապետին հայրենիքը վաճառելու մեջ։
«Սրանք վերցրեք, կշտացեք, ձեզ պարգևավճար ենք բերել»,-ասում էին ակցիայի մասնակիցները՝ նաև վանկարկելով. «Նիկոլ դավաճան»,«Նիկոլ հողատու»,«Հայաստանն առանց Նիկոլ»։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի տված վերջնաժամկետի (դեկտեմբերի 8-ի ժամը 12.00) ավարտից հետո՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ուղիղ եթերում հայտնեց, որ Հայրենիքի փրկություն շարժումը սկսում է խաղաղ անհնազանդության ակցիաններ իրականացնել։
Նշենք, որ ցուցարարները նաև խաղալիքներ էին բերել կառավարության մոտ։
«Ձեր երեխայի խաղալիքներն ենք վերադարձնում, բայց դուք մեզնից մեր եղբայրներին տարաք անվերադարձ»,-ասաց ցուցարարներից մեկը։
Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին արցախյան ռազմաճակատներում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Ընդդիմադիր կուսակցությունները ստեղծել են Հայրենիքի փրկության շարժում ու վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանին։