ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Երկրաբանական գիտությունների թեկնածու, Էկոլոգիայի, մարդու անվտանգության և բնության միջազգային ակադեմիայի հայկական բաժանմունքի նախագահ Հայկ Մելիք-Ադամյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ աշխարհի որոշ երկրներում հայտնաբերված մոնոլիտ սյուները ոչ այլ ինչ են, քան սովորական արվեստի օբյեկտներ։ Դրանց հայտնվելու հետ կապ չունեն ո՛չ գերբնական ուժերը, ո՛չ այլմոլորակայինները, ո՛չ էլ բնությունը։
Հերթական՝ յոթերորդ մոնոլիտ սյունն անցած հանգստյան օրերին հայտնաբերվել է Գերմանիայում` Հեսսեն դաշնային նահանգի քաղաքներից մեկում։ Ավելի վաղ նման սյուներ էին ի հայտ եկել ԱՄՆ-ում, Ռումինիայում, Մեծ Բրիտանիայում և Նիդեռլանդներում։ Մոնոլիտների հետ կապված պատմությունը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցիալական ցանցերում։ Օգտատերերից ոմանք կարծում են, թե դրանք սովորական արտ-օբյեկտներ են։ Ուրիշները դավադրության տեսություններ են կառուցում և վստահեցնում, որ դա այլմոլորակայինների ձեռքի գործն է։
Սյուները մոնոլիտ են անվանում, քանի որ դրանք նման են ռեժիսոր Սթենլի Կուբրիկի «2001. տիեզերական ոդիսական» ֆիլմում ցուցադրված օբյեկտներին։
Մելիք-Ադամյանը վստահեցնում է, որ այլմոլորակայինների հետ կապված պնդումները հորինվածքներ են։
«Դրանք արտեֆակտներ են, ոչ թե տեսողական խաբկանք։ Ինչ-որ մեկի կատակն է, և գերբնական ոչինչ չկա»,-ասում է նա։
Մելիք-Ադամյանը կարծում է, որ այդ ամենն արվում է թաքնված գովազդի համար՝ ինչ-որ հատուկ նպատակով։
Նա նշում է` սյուները պողպատից են, ուստի դրանք միանշանակ մարդու ձեռքով ստեղծված օբյեկտներ են։
Առեղծվածային ազդանշաններ տիեզերքից. բացահայտվել է «այլմոլորակային ուղերձների» բնույթը
Մասնագետի խոսքով` բնության մեջ իսկապես կան անձեռակերտ օբյեկտներ, որոնք շատ նման են մարդու ստեղծածին, օրինակ՝ կատարելապես կլոր գնդերը։ Երբ նայում ենք դրանց, առաջին հայացքից թվում է, թե մարդն է սարքել, բայց իրականում դրանց վրա հազարամյակներ շարունակ «աշխատել» է բնությունը։
Մի շարք հայ մասնագետների կարծիքով՝ անգամ Հայաստանի տարածքում հայտնաբերված մեգալիթները (Քարահունջ՝ խմբ․) արտեֆակտներ են, մարդու ձեռքով ստեղծված կառույցներ։ Սակայն, չնայած հնագույն ծագմանը, դրանք գերբնական ուժերին չեն վերագրում։
Բնապահպան Կարինե Դանիելյանը համամիտ է գործընկերոջ՝ Մելիք-Ադամյանի հետ։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ այդ մոնոլիտները չեն կարող բնության ստեղծագործություն լինել։
Նրա խոսքով՝ սյուները կարող էին հայտնվել շինարարական աշխատանքների ընթացքում, օրինակ` պիտանի չեն եղել, և ինչ-որ մեկը որոշել է օգտագործել ինչ–որ նպատակով։ Դանիելյանը նաև ուշադրություն է հրավիրում նյութի վրա՝ բնությունը չէր կարող նման օբյեկտ ձևավորել պողպատից, թեև քարի դեպքում դա հնարավոր կլիներ։
Հիշեցնենք՝ առաջին մոնոլիտը հայտնվել էր Յուտայի անապատում, ավելի ուշ այն անհետացել էր։ Դա մոնոլիտի ծագման մասին զանազան խոսակցությունների առիթ տվեց։ Ենթադրություններ կային, որ մոնոլիտը ոչ երկրային ծագում ունի, դիտարկվում էր նաև այն տարբերակը, որ դա որևէ կոնցեպտուալ նկարչի ստեղծագործություն է։ Սակայն մինչև օրս որևէ մեկը չի հայտարարել, որ հեղինակն ինքն է, և չի բացատրել այդ քանդակների հայտնվելու պատճառները։