Արման Թաթոյանն այցելել է հայկական կողմին փոխանցված 3 գերիներին

Մարդու իրավունքի պաշտպանը լուսանկարներ է հրապարակել սոցցանցի իր էջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է հայկական կողմին փոխանցված 3 քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել էին ադրբեջանական զինված ուժերի կողմից։

Պաշտպանը լուսանկարներ է հրապարակել Facebook–ի իր էջում։ Նշվում է, որ այցի մանրամասները չեն հրապարակվելու։

Հիշեցնենք` երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտնեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 3–ն էլ տարեց քաղաքացիական անձինք են։ Նրանք Հայաստանին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով, առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։

Այնուհետև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Facebook–ում գրեց, որ Ադրբեջանը 3 գերիներից բացի հայկական կողմին է փոխանցել նաև 1 տարեցի մարմին։ Նա մահացել է ադրբեջանական գերության մեջ՝ մեզ համար դեռևս անհայտ հանգամանքներում։