ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Աշխարհի տարբեր երկրների գիտական հաստատությունների շուրջ 150 ներկայացուցիչների և գիտնականների ստորագրությամբ խնդրագիր է ներկայացվել Պապական աթոռի պետքարտուղարությանը՝ Արցախի մշակութային ժառանգության փրկության առնչությամբ: Տեղեկանում ենք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։
Խնդրագրում գիտնականները նշել են, որ Արցախում տեղի ունեցող հումանիտար աղետի կողքին վտանգված է նաև այդ տարածքում ստեղծված հայկական հարուստ մշակութային ժառանգությունը՝ բաղկացած հարյուրավոր վաղ քրիստոնեական, միջնադարյան և նոր շրջանի եկեղեցիներից, վանքերից և տարբեր հուշարձաններից:
«Գիտնականները փաստեր են ներկայացրել, թե ինչպես ոչ վաղ անցյալում Ադրբեջանի կառավարության ներքո համակարգված կերպով ոչնչացման է ենթարկվել վերջինիս վերահսկողության տակ գտնվող տարածքների հայկական գեղարվեստական և ճարտարապետական ժառանգությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Արձան ու եկեղեցի են պղծում, նվաստացնում զառամյալ արցախցուն. ԱԳՆ–ն դատապարտել է Ադրբեջանին
Գիտնականները հույս են հայտնել, որ Հռոմի պապի հեղինակավոր միջնորդությամբ հնարավոր կլինի համախմբել համապատասխան միջազգային կառույցներին՝ փրկելու պատմական Հայաստանի տարածքում գտնվող և հավատի վկայություն հանդիսացող ժառանգությունը, որն ունի համաշխարհային նշանակություն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի մշակույթի գործիչները, այդ թվում՝ դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովը և Թեոդոր Կուրենտզիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշիկովը և ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, Արցախի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձանները համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու խնդրանքով դիմել էին ՅՈւՆԵՍԿՕ-ին։
Ալիևի հերթական սենսացիոն հայտարարությունը` Հայաստանն ինքն է իր եկեղեցին հրթիռակոծել