Ադրբեջանը նաև մեկ տարեցի մարմին է փոխանցել հայկական կողմին

Տարեց անձը մահացել է ադրբեջանական գերության մեջ՝ հայկական կողմի համար դեռևս անհայտ հանգամանքներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը 3 գերիներից բացի հայկական կողմին է փոխանցել նաև 1 տարեցի մարմին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Նա մահացել է ադրբեջանական գերության մեջ՝ մեզ համար դեռևս անհայտ հանգամանքներում»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 9-ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել երեք գերիներ, բոլորը` տարեց քաղաքացիական անձինք։ Բեգլարյանը նշում է, որ նրանք իրենց բնակավայրերում էին մնացել ադրբեջանական ներխուժման ժամանակ:Գերիները հայկական կողմին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով, առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։

«Այդ անձանց հարազատներն արդեն պատշաճ կերպով տեղեկացվել են նրանց վերադարձի մասին»,– նշել է Բեգլարյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համադրում են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները, որոնց շրջանակներում համապատասխան գործողություններ են կատարելու վերադարձված անձանց իրավունքներին առնչվող հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նրանք նաև շարունակում ենք համատեղ ջանքերը գերիների ու անհետ կորածների վերաբերյալ տվյալների հավաքագրման ու վերլուծության և պետական լիազոր մարմիններին հնարավորինս աջակցելու, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներում առնչվող հարցերի բարձրացման ուղղությամբ:

Սիրիացի ահաբեկիչները ռազմագերի չեն. քննչական կոմիտեն` գերիների փոխանակման մասին

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել են գերիների իրենց ցանկերը, որոնց վերջնական հաստատումից հետո գերիներին կփոխանակեն, հայկական կողմը փորձում է այդ գործընթացն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Ինչ վերաբերում է անհետ կորածների հայտնաբերմանն ու զոհերի մարմինների փոխանակման պայմանավորվածությանը, Ավինյանի խոսքով, նոյեմբերի 10-ից ի վեր ռազմադաշտից դուրս է բերվել 846 մարմին, այս պահի դրությամբ անճանաչելի մարմիններից 244–ը նույնականացվել են, մարմինները հանձնվել են ծնողներին։ 154 մարմնի հետազոտություններն արված են, և անհետ կորածների հարազատների ԴՆԹ–ի հետ համընկնումներ չեն եղել, 443 նմուշ էլ դեռ հետազոտման փուլում են։

Սիրիացի ահաբեկիչները ռազմագերի չեն. քննչական կոմիտեն` գերիների փոխանակման մասին

Հիշեցնենք, որ անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին հստակ տվյալներ չկան։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանում պահվում է մոտ 60 հայ գերի։

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անուններ։