«Զղջում եմ ասածիս համար». Շենավանի համայնքապետն այլևս չի պահանջում Փաշինյանի հրաժարականը

Համայնքապետը եկավ նրա հրաժարականը պահանջող համագյուղացիների մոտ, ներողություն խնդրեց իր նախորդ հայտարարության համար և ասաց, որ Փաշինյանի ու Փաշինյանին աջակցող մարդկանց կողքին է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Ապարան քաղաքի և հարակից 7 գյուղերի մի քանի տասնյակ բնակիչներ Ապարանում ցույց են իրականացնում ի աջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Լրագրողների հետ զրույցում նրանք ասացին, որ ցույց են անում` ընդդեմ երեկ Ապարանի և մի քանի գյուղերի համայնքապետների հայտարարության, որոնցով նրանք պահանջում էին վարչապետի հրաժարականը։

«Իրանք չեն կարող ժողովրդի անունից խոսել։ Չկա մի թասիբով ապարանցի, որ Նիկոլին դեմ լինի։ Թող ոչ մեկը իրան ժողովրդի անունից չփնովի։ Մենք Նիկոլի կողքին ենք», – ասաց ցույցի մասնակիցներից մեկը։

Մյուսն էլ նշեց, որ համայնքապետները առանց ժողովրդի գիտության են պահանջել Փաշինյանի հրաժարականը։

«Նիկոլը ճիշտ որոշում ա կայացրել, եղածը փրկել ա` հա՛մ Արցախիի մնացածն ա փրկել, հա՛մ մեր մնացած երեխեքին։ Լավ արեց` կանգնացրեց կռիվը։ Հերիք ա մեր երեխեքի համար լացենք», – ասաց մյուս մասնակիցը։

Ես Փաշինյանին շատ լավ եմ ճանաչում. Զոհրաբյանը բացառում է վարչապետի ինքնակամ հրաժարականը

Նրանք վանկարկեցին. «Նիկոլ, Նիկոլ», «Գյուղապետեր, հեռացեք»։ Շենավանի համայնքապետ Արթուր Մկրտչյանը, որը երեկ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքապետներից էր, եկավ համագյուղացիների մոտ և ներողություն խնդրեց իր նախորդ հայտարարության համար։

«Բարի օր, հարգելի նիկոլականներ, թյուրիմացություն է եղել, սխալմունք է եղել, ես զղջում եմ ու ներողություն եմ խնդրում մեր ժողովրդից ասածիս համար։ Մեր գյուղը միշտ եղել ա Նիկոլի կողքին, ու որտեղ մեր գյուղը, էնտեղ` ես։ Նիկոլին ցանկանում եմ հաղթանակ», – ասաց Մկրտչյանը։

Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել էին Մյասնիկյան պողոտան

Համայնքապետի ասածներից հետո հավաքվածները ծափահարեցին և սկսեցին նորից վանկարկել «Նիկոլ, Նիկոլ»։

Նշենք, որ երեկ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի համայնքապետը և վարչական ղեկավարները հայտարարություն էին տարածել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Ավելի լավ էր` ողջ չմնայի, չվերադառնայի ու այս ամենը չտեսնեի». Արագածոտնի մարզպետ