ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին կհայտարարվի նոր վերականգնողական կենտրոնի բացման մասին։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն պատերազմից հետո վերականգնողական բուժման ուղղությամբ։
«Ոլորտն ունի ինստիտուցիոնալ համակարգման խնդիր, մշակում ենք «Վերականգնողական ազգային ծրագիր», որը կապահովի ծառայությունների ընդհանուր համակարգումը։ Այս ուղղությունը դարձել է մեր ոլորտի հիմնական առաջնահերթություններից մեկը»,–ասաց նախարարը։
Թորոսյանի խոսքով` ծրագրի միջոցով հնարավորություն կտրվի մարզերում նույնպես վերականգնողական բուժում կազմակերպել։ Իսկ դրա համար կարևոր չի լինի բժշկական հաստատության կարգավիճակը` այն մասնավո՞ր է, թե ոչ։ Ավելին, կլինեն նաև որոշ ԲԿ–ների վերապրոֆիլավորումներ։
Առողջապահության նախարարը հայտնեց նաև, որ, ճիշտ է, 2021-ի առողջապահության բյուջեում վերականգնողական բուժմանը հատկացվող գումարներում հավելում չկա, սակայն կառավարությունը 2.8 մլրդ դրամ է առանձնացրել առաջնահերթությունների համար։
Ըստ այդմ, ըստ Թորոսյանի, հաջորդ տարեսկզբին այլ առաջնահերթություններ վերանայելու դեպքում առողջապահությանը կուղղվի այդ գումարը։
Նախարարը վստահեցրեց` վերականգնողական բուժման համար նախատեսված գումարը չլինելու հանգամանքը բուժումն ընդհատելու պատճառ չի լինելու։
Նա չէր հավատում, որ Ջաբրայիլի մարտից հետո կյանք կա. վիրավոր Սեյրանը նոր հրաշքի է սպասում