Տեղին է այդ հարցը բարձրացնելը. Խաչատրյանը նոր նախարարի հայտարարությունը վաղաժամ է համարում

Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում Էկոնոմիկայի նորանշանակ նախարարին կոչ է անում չվիրավորվել հանրության արձագանքից, բայց նաև չհրաժարվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հնարավոր տնտեսական հարաբերությունների գաղափարից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը` ադրբեջանական շուկայի հնարավորություններից ու Թուրքիայի նավահանգիստներից օգտվելու մասին, վաղաժամ էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

«Վաղաժամ էր ոչ թե քաղաքական նկատառումներից ելնելով, այլ զուտ մասնագիտական, որովհետև չգիտենք, թե ինչ է լինելու։ Այսօր չեմ կարծում, որ տեղին է այդ հարցը բարձրացնելը»,– ասաց Խաչատրյանը։

Տնտեսագետը նախարարի հայտարարության մեջ նաև մասնագիտական խնդիր է տեսնում։ Ըստ նրա` անհասկանալի է, թե ինչ է առաջարկում տնտեսական ոլորտի նոր ղեկավարը։

«Ի՞նչ ենք տալու, ի՞նչ ենք արտահանելու, ի՞նչ ենք ներմուծելու, այդ շուկան մեզ ձեռնտո՞ւ է, թե՞ ձեռնտու չէ։ Մենք այդ շուկայի ամբողջական պատկերը չունենք։ Դա շատ լուրջ ուսումնասիրության կարիք ուներ։ Եվ եթե այդպիսի խնդիր է դրվում, ես կուզեի «Հայաստան–Ադրբեջան տնտեսական համագործակցության հեռանկարներ» թեմայով մի լուրջ ծրագրի ներկայացում տեսնել»,– ասաց Խաչատրյանը։

«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին

Թուրքիայի հետ Հայաստանի տնտեսական հնարավոր հարաբերությունները, տնտեսագետի դիտարկմամբ, շատ ավելի տեսանելի են, քանի որ այդ երկրի հետ մենք, անկախ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից, տնտեսական շփում ունենք։

«Ադրբեջանի մասին նույնիսկ մասնագիտական առումով ես փորձում եմ որոշակի տվյալներ ստանալ, դրանք փակ են։ Մենք ընդհանրապես չգիտենք էլ, թե նրանց տնտեսության պատկերը որն է։ Մենք խոսում էինք` նավթ, նավթ, նավթ։ Պարզվեց` նրանք ոչ միայն նավթ ունեն, այլև լրջագույն վերամշակող արդյունաբերություն, ճշգրիտ սարքաշինություն, մեքենաշինություն, լրջագույն քիմիական արդյունաբերություն ունեն չարաբաստիկ Սումգայիթում։ Այսինքն` մենք լիարժեք տվյալների չենք տիրապետում»,– ասաց Խաչատրյանը։

Իսկ նորանշանակ նախարարին նա կոչ արեց չվիրավորվել իր այդ հայտարարության հանրային արձագանքից, զուտ այն պատճառով, որ այն արված էր վաղաժամ։ Բայց միաժամանակ խորհուրդ տվեց այդ գաղափարից չհրաժարվել, այլ փորձել հիմնավորել ու ինչ–որ ժամանակ անց ներկայացնել հանրությանը։

«Համոզված եմ` եթե դրանք հիմնավոր լինեն, բիզնեսում կգտնվեն մարդիկ, որոնք շահագրգիռ կլինեն»,– ասաց տնտեսագետը` հավելելով, որ հիմա Հայաստանը պետք է մտածի նախևառաջ իր ներքին ռեսուրսները ճիշտ վերաբաշխելու ու օգտագործելու մասին։

Հիշեցնենք` Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելուց օրեր անց Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ բաց սահմանները շատ լավ են տնտեսության համար։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում չէր բացառել Թուրքիայի նավահանգիստներն ու ադրբեջանական շուկան օգտագործելու հնարավորությունը: Նախարարի այս հայտարարությունը միանշանակ չէր ընկալվել Թուրքիայի զինուժի դեմ 44 օր պատերազմած հանրության կողմից, և նորանշանակ պաշտոնյան քննադատությունների թիրախում էր հայտնվել։