Ռուսաստանն արգելել է լոլիկ և պղպեղ ներմուծել ՀՀ Արմավիրի մարզից

Ռոսսելխոզնադզորի հարցմանն ի պատասխան տեղեկություն չի ստացվել, ինչը կարող է վկայել, որ ֆիտոսանիտարական հսկողության հայկական համակարգը չի կարող ապահովել չվարկված ապրանքի մուտքը Ռուսաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 14-ից Ռոսսելխոզնադզորը ժամանակավորապես արգելում է լոլիկի և պղպեղի ներմուծումը Ռուսաստան Հայաստանի Արմավիրի մարզից։ Տեղեկությունը հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

«Կարանտինային ֆիտոսանիտարական ստուգման ընթացքում Հայաստանից Ռուսաստան բերված թարմ լոլիկի մեջ Pepino mosaic virus վարակ է հայտնաբերվել։ Ապրանքին կից եղել է ՀՀ բույսերի կարանտինի և պաշտպանության հարցերով ազգային կազմակերպության (ԲԿՊԱԿ) թույլտվությունը։ Ռոսսելխոզնադզորը հայտնաբերել է Pepino mosaic virus, որի հանդեպ ծառայությունը ժամանակավորապես կարանտինային ֆիտոսանիտարական միջոցներ էր ձեռնարկել», - նշված է հաղորդագրության մեջ։

Մեքենաների զննումը` 5 րոպե. շները և կինոլոգները հսկողություն են իրականացնում Բագրատաշենում

Նշենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին ծառայությունը մտահոգություն էր հայտնել Հայաստանից Ռուսաստանի տարածք ներմուծված լոլիկների խմբաքանակի մեջ Pepino mosaic virus վարակի հայտնաբերելու կապակցությամբ։ Համապատասխան բանակցություններ էին տեղի ունեցել, հայկական կողմը տեղեկացված է եղել խնդրի մասին։

Բանակցությունների ընթացքում Ռոսսելխոզնադզորը խնդրել էր պատասխանատու գերատեսչությանն ուժեղացնել վերահսկողությունը Ռուսաստան մատակարարվող բանջարեղենի հանդեպ, նաև տեղեկություն տրամադրել հետաքննության արդյունքների ու ձեռնարկած ֆիտոսանիտարական քայլերի մասին։

«2020 թվականի դեկտեմբերի սկզբի դրությամբ՝ Ռոսսելխոզնադզորի հարցմանն ի պատասխան տեղեկություն չի եկել, ինչը կարող է վկայել այն մասին, որ ֆիտոսանիտարական հսկողության հայկական համակարգը չի կարող ապահովել չվարկված ապրանքի մուտքը Ռուսաստան», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ հիշատակված վարակը կարող է լայնորեն տարածվել ՌԴ տարածքում ու բանջարաբուծությանը զգալի վնաս տալ։

Դեղատներում մեծ պահանջարկ ունեցող դեղերը թանկացել են. «Ժողովուրդ»

«Ռոսսելխոզնադզորն անհրաժեշտ է համարում 2020 թվականի դեկտեմբերի 14-ից արգելել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում արտահանվող և (կամ) արտադրվող լոլիկի և պղպեղի ներկրումը Ռուսաստան՝ «Pepino mosaic virus»-ի մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք և դրա տարածումը կանխելու նպատակով: Ավելի վաղ վարակված բանջարեղենը ներմուծվել է այդ շրջանից», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոսսելխոզնադզորը դեկտեմբերի 10-ից արգելում է Ադրբեջանից լոլիկի ու խնձորի ներմուծումը՝ վարակի հայտնաբերման պատճառով։

Բացի այդ, կազմակերպությունը մտահոգություն է հայտնել, որ Թուրքիայից պարբերաբար վարակված լոլիկ է մատակարարվում։