«Ռոսսելխոզնադզորը» մտահոգված է Ռուսաստանին մատակարարվող լոլիկում հայտնաբերված վարակով

Սերգեյ Դանկվերտը շեշտել է Ռուսաստանին մատակարարվող բանջարեղենի նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ուժեղացման կարևորությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի կառավարությանն առընթեր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ քննարկել է Հայաստանից Ռուսաստան մրգերի և բանջարեղենի արտահանման խնդիրները և մասնավորապես` դեկտեմբերի 14-ից լոլիկի արտահանման արգելքը։

Ռոսսելխոզնադզորը կարգելի Ադրբեջանից լոլիկի ու խնձորի ներմուծումը Ռուսաստան

Դանկվերտը նշել է, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը մտահոգված է Ռուսաստանին մատակարարվող լոլիկում «պեպինո» խճանկարային վարակի հայտնաբերմամբ, որը, ՌԴ ներկրվելու դեպքում, էական վնաս կհասցնի այդ երկրի բանջարաբուծությանը: «Հաշվի առնելով հայկական կողմից այս խնդրի շուրջ իրականացրած հետազոտության արդյունքների ու ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկությունների բացակայությունը, «Ռոսսելխոզնադզորը» ստիպված է արգելք դնել ՀՀ Արմավիրի մարզից լոլիկի ներկրման վրա», - ասել է նա։

Սերգեյ Դանկվերտը շեշտել է Ռուսաստանին մատակարարվող բանջարեղենի նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ուժեղացման կարևորությունը:

Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների գիտական հաստատությունների միջև` վիրուսի հայտնաբերման արդյունավետ ու երկուստեք կիրառելի մեթոդներ մշակելու ուղղությամբ։

Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ից արգելվում է Հայաստանի Արմավիրի մարզից լոլիկ և պղպեղ ներմուծել Ռուսաստանի Դաշնություն: Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիային ասել էր, որ «պեպինոն» երբեք չի ընդգրկվել ԵԱՏՄ–ի կողմից սահմանված կարանտին վնասատուների ցանկում, այդ պատճառով էլ համապատասխան հետազոտություն չի անցկացվել։

Հայկական բաստուրման ռուսական շուկա մտցնելը խնդիր է. ինչպե՞ս համոզել Ռոսսելխոզնադզորին

«Մենք ռուս գործընկերների հետ քննարկել ենք հարցը և խնդրել, որ մեզ ժամանակ տան համապատասխան մոնիթորինգ իրականացնելու և գնումներով տվյալ վիրուսի լաբորատոր հավաքածուները ձեռք բերելու համար»,– ասել էր նա։

Ավետիսյանի դիտարկմամբ` «պեպինո» վիրուսը մեզանում նոր երևույթ է, մեծ տարածում չունի, տնտեսական մեծ վնաս չի հասցնում, այդ պատճառով էլ ռուսական կողմը որոշել է սահմանափակել միայն լոկալ տարածք, տվյալ դեպքում` Արմավիրի մարզը։