Փաշինյանը կրկին հանդիպել է գերեվարվածների ու անհետ կորածների ընտանիքների անդամների հետ

ՀՀ փոխվարչապետն ավելի վաղ ասել էր, թե երբ կսկսվի գերիների փոխանակման գործընթացը և քանի մարմին է ռազմադաշտից դուրս բերվել նոյեմբերի 10-ից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսօր կրկին հանդիպել է արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Տեղեկությունը հայտնում է Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Վարչապետն անդրադարձել է գերիների, աճյունների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների և դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռք բերման ու տեղադրման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,– Facebook–ի իր էջում գրել է Գևորգյանը։

Հաստատված գերիների թիվն աճել է. Կարմիր խաչ

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել են գերիների իրենց ցանկերը, որոնց վերջնական հաստատումից հետո գերիներին կփոխանակեն, հայկական կողմը փորձում է այդ գործընթացն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Ինչ վերաբերում է անհետ կորածների հայտնաբերմանն ու զոհերի մարմինների փոխանակման պայմանավորվածությանը, Ավինյանի խոսքով, նոյեմբերի 10-ից ի վեր ռազմադաշտից դուրս է բերվել 846 մարմին, այս պահի դրությամբ անճանաչելի մարմիններից 244–ը նույնականացվել են, մարմինները հանձնվել են ծնողներին։ 154 մարմնի հետազոտություններն արված են, և անհետ կորածների հարազատների ԴՆԹ–ի հետ համընկնումներ չեն եղել, 443 նմուշ էլ դեռ հետազոտման փուլում են։

Սիրիացի ահաբեկիչները ռազմագերի չեն. քննչական կոմիտեն` գերիների փոխանակման մասին