Մեքենաների զննումը` 5 րոպե. շները և կինոլոգները հսկողություն են իրականացնում Բագրատաշենում

Նախկինում կենտրոնի ծառայողներն, ըստ անհրաժեշտության, Հայաստանի սահմաններ գործուղվում էին Երևանից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի շնագիտական կենտրոնում հատուկ պատրաստություն անցած ծառայողական շները և կինոլոգները սեպտեմբերից շուրջօրյա հսկողություն են իրականացնում Բագրատաշենի անցակետում:  Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Տեղեկացվում է, որ նախկինում կենտրոնի ծառայողներն, ըստ անհրաժեշտության, Հայաստանի սահմաններ գործուղվում էին Երևանից: Այսօր վարժեցված շներն ու կինոլոգներն արդեն մշտական ծառայություն են իրականացնում ինչպես Մեղրիի, այնպես էլ Բագրատաշենի մաքսակետում, ինչը բարձրացնում է հսկողության արդյունավետությունը:

Դեկտեմբերի 1-ից հայ-վրացական սահմանի ևս երկու անցակետեր կգործեն

«Նախապես իրականացվող վերլուծությունների արդյունքում առավել ռիսկային մեքենաները զննվում են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողական շների կողմից` չխոչընդոտելով մաքսատան բնականոն աշխատանքը: Բեռնատարների և մարդատար մեքենաների դեպքում զննումը տևում է միջինում 5 րոպե, իսկ թեթև մարդատար մեքենաների դեպքում` մինչև 2 րոպե»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ Բագրատաշեն տեղափոխված ծառայողական 4 շները պահվում են մաքսակետի տարածքում` հատուկ պայմաններով առանձնացված հատվածում: Նրանց մի մասը կոմիտեի ռազմավարական ծրագրի շրջանակում շնագիտական կենտրոնում բուծված ցեղատեսակների առաջին սերունդներից է:

Բագրատաշենի անցակետում մշտական ծառայություն է իրականացնում 4 աշխատակից: «Բոլորը բնակվում են Տավուշի մարզում` մոտակա գյուղերում, ինչը հեշտացնում է ամենօրյա աշխատանքը: Լինում են դեպքեր, երբ հերթափոխ իրականացնող 2 ծառայողներին օպերատիվ օգնության են հասնում մյուս հերթափոխի աշխատակիցները»,-տեղեկացնում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի պետ Կարեն Բալայանը:

Արցախի ոստիկանության պետը եղել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անցակետերում

Անհրաժեշտության դեպքում ծառայողական շները և կինոլոգները Բագրատաշենից կգործուղվեն մոտ հեռավորության վրա գտնվող երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումները սպասարկող Այրում-Ջիլիզայի մաքսային կետ: