Խամաճիկային իշխանություն են առաջարկում. Փաշինյանը խոսեց իր հրաժարականը պահանջողների մասին

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ ժամանակավոր կառավարության մեկ տարվա ընթացքում Հայաստանում վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր մեխանիզմները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, ասաց, որ իր հրաժարականը պահանջող ուժերը փորձում են ժողովրդին դուրս թողնել քաղաքական պրոցեսներից։

«Ինչո՞ւ այդ քաղաքական ուժերը և էլիտայի ներկայացուցիչները չեն առաջարկում արտահերթ ընտրություններ։ Նրանք անընդհատ առաջարկում են սցենարներ, որոնք ունեն մի նպատակ` ժողովրդին դուրս թողնել պրոցեսից, ընդ որում` անվերադարձ։ Այդ քաղաքական ուժերն առաջարկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն»,– ասաց նա։

Վարչապետը ներողություն խնդրեց իր որակման համար և մեկնաբանեց, թե ինչու է այդ գնահատականը տալիս։

«Որովհետև առաջարկում են վարչապետի մի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, չունի հենարան խորհրդարանում և նույնիսկ հեռանկար չունի արժանանալու ժողովրդի աջակցությանը, որովհետև պայման է դրվում, որ այդ թեկնածուն պետք է ընտրություններին չմասնակցի ընդհանրապես»,–ասաց Փաշինյանը։

Նրա համոզմամբ` ժամանակավոր կառավարության մեկ տարվա ընթացքում Հայաստանում վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր մեխանիզմները։

Հիշեցնենք` Հայաստանում վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ 

Ընդդիմությունը հրապարակեց հետագա քայլերի ճանապարհային քարտեզը