ՀՀ կառավարությունը տնից զրկված արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կընդունի. նախարար

Արդեն ընդունված որոշումների համաձայն` Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները ՀՀ կառավարությունից 300 000 դրամ միանվագ և 68 000 դրամ ամենամսյա աջակցություն կստանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր Ազգային ժողովում հայտնեց, որ Հայաստանում ժամանակավոր բնակվող 45 000 արցախցիներ արդեն ստացել են ՀՀ կառավարության տրամադրած 68 000–ական դրամ աջակցությունը։

«Եվս շուրջ 30 000–ի համար կան հաստատված գումարներ, որոնք կստանան առաջիկայում ։ Ընդհանուր առմամբ շուրջ 94 000 շահառուների մասին է խոսքը»,– ասաց Առաքելյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ կառավարության առաջիկա նիստում նախատեսվում է աջակցության ևս մեկ ծրագիր հաստատել, որով նախատեսվում է 250 000 դրամ տրամադրել է Արցախի յուրաքանչյուր քաղաքացու, որոնց տներում հնարավոր չէ բնակվել ավերածության կամ այլ պատճառներով։

Հիշեցնենք` ՀՀ կառավարության արդեն ընդունված որոշումներով` Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները ՀՀ կառավարությունից 300 000 դրամ միանվագ և 68 000 դրամ ամենամսյա աջակցություն կստանան։ Փոխհատուցում տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամին։