«Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենի Lexus-ի տակ պայթուցիկ սարք է ամրացվել. ՔԿ

Քննչական և դատավարական գործողություններ են կատարվում հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ Տեղեկությոնը հայտնում է ՔԿ լրատվական ծառայությունը։

Պայթյուններ լսելիս խուճապի չմատնվել. Արցախում շարունակում են վնասազերծել չպայթած արկերը

Ինչպես պարզել է քննչական մարմինը՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը, 2020թ. դեկտեմբերի 8-ի ժամը 19:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 08:45-ն ընկած ժամանակահատվածում, բանկի տնօրենին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նրան պատկանող «LEXUS LX 570» մակնիշի ավտոմեքենայի տակ պայթուցիկ սարք է ամրացրել։

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:45-ի սահմաններում, երբ վարորդը վարել է ավտոմեքենան, սարքը պայթել է: Այդ պահին բանկի տնօրենը, սակայն ավտոմեքենայում չի եղել:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով։

Հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու նպատակով կատարվում են քննչական և դատավարական գործողություններ, հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին, նշանակվել են փորձաքննություններ։

Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով 2 զինծառայող է զոհվել

Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Երևանում պայթեցրել էին «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանի ավտոմեքենան։ Աշխատանքի գնալիս վարորդը գործի է գցել շարժիչը, մի քանի մետր առաջ ընթանալով` պայթյուն է տեղի ունեցել։