Հայաստանն ու Ադրբեջանը սահմանների հարցով բանակցությունները կսկսեն մինչև տարեվերջ

Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական սահման, որպես այդպիսին, վերջնական արձանագրված չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով սահմանների վերաձևավորմանը վերաբերող հարցին, ասաց, որ ՀՀ սահմանի ողջ երկայնքով այս պահին աշխատում է արտգործնախարարության գերատեսչական խումբը։ 

«Այսինքն` ամբողջ սահմանի վերաբերյալ իրավական փաստաթղթերն են նախապատրաստվում սպասվող բանակցությունների համար, որոնք երկու կողմերի միջև, ռուս գործընկերների միջնորդությամբ տեղի են ունենալու ամենայն հավանականությամբ այս տարի։ Հենց այս պահի դրությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրավական սահման վերջնական արձանագրված չէ»,– ասաց Ավինյանը։

Փոխվարչապետը շեշտեց, որ ՀՀ կառավարությունը վերհանել է այն բոլոր իրավական փաստաթղթերը, քարտեզները, որոնք հիմք են հանդիսանալու սպասվող բանակցությունների համար։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սահմանագծման հարցով դիմել է Վլադիմիր Պուտինին

«Ես ուզում եմ վստահեցնել, որ ՀՀ սահմանից այս կողմ որևէ բան զիջված չէ և չի կարող լինել»,– ասաց Ավինյանը։

Ինչ վերաբերում է սահմաններին ՀՀ ԶՈւ տեղակայմանը, այն, ըստ փոխվարչապետի, նույնպես վերջնականապես կիրականացվի բանակցությունների արդյունքում։

Հիշեցնենք` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 27-ին հայտարարել էր, որ պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից։

Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումն ընթանում է միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ: