Հայ ժողովուրդը, նոր զոհեր տալով, հայտնվեց գոյատևման սպառնալիքի առջև. ԱԳՆ

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն Արցախի պատերազմը դիտարկում է ցեղասպանության համատեքստում, որը պլանավորվել և իրականացվել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ու վարձկանների ներգրավմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, աշխարհը նշում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության ու հանցագործության կանխարգելման միջազգային օրը։ ՀՀ արտգործնախարարությունն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել։

«Աղվեսի քաղաքականությունն» ու հաղթողի դիրքը, կամ ինչ է հիմա պետք Հայաստանին ամենաշատը

«Հայաստանը՝ որպես ցեղասպանության արհավիրքը վերապրած ժողովուրդ ներկայացնող երկիր, տարիներ շարունակ միջազգային ասպարեզում հանդես է գալիս որպես այս հանցագործության դեմ պայքարի ջատագով և հետևողականորեն աշխատում է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու, ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների վտանգների իրազեկման և դրանց արձագանքման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման ուղղությամբ»,– ասված է հայտարարության մեջ։

ՀՀ ԱԳՆ–ն նշում է նաև, որ գործադրվող ջանքերի հետ մեկտեղ աշխարհն այսօր բախվում է այնպիսի լրջագույն մարտահրավերների, ինչպիսիք են անհանդուրժողականության և ծայրահեղականության աճը, մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, մարդկային կյանքի և արժանապատվության ոտնահարումը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է, որ ցեղասպանությունը և այլ զանգվածային ոճրագործությունները, որպես կանոն, նախապես ծրագրավորված բնույթ են կրում և ընթանում են քաղաքացիական բնակչության թիրախավորման, մշակութային և կրոնական արժեքների ոչնչացման, ծայրաստիճան ատելության տարածմամբ:

«Այս բոլոր գործողություններն իրականացվեցին Արցախի ժողովրդի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի ընթացքում, որը պլանավորվել և իրականացվել էր Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ամբողջական քաղաքական և ռազմական աջակցությամբ և օտարերկրյա վարձկանների և զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ: Այսպիսով, հայ ժողովուրդը ցեղասպան գործողությունների նոր զոհեր տալով՝ հայտնվեց գոյատևման սպառնալիքի առջև»,– նշում է ԱԳՆ–ն։

Գերատեսչությունը շեշտում է, որ ցեղասպանությունն ու մարդկության դեմ ուղղված այլ ոճրագործությունները ծնող պատճառներից է անպատժելիությունը, անցյալում գործած հանցագործությունների ոչ բավարար դատապարտումը։