ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու համար։ Վիրաբյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել` հայտնելով իր որոշման մասին։
«Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ` սա լավ հնարավորություն է մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարևոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ փոխքաղաքապետի պաշտոնից»,–գրել է նա։
Վիրաբյանի խոսքով` անցած երկու տարիներին բավական դրական փոփոխություններ են տեղի ունեցել իր համակարգման ներքո գտնվող ոլորտներում՝ մշակույթ, հանրակրթություն, սպորտ:
Մանե Թանդիլյանը պաշտոն ստացավ Արցախում
Նշենք, որ Վիրաբյանը 2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:
Մինչ այդ նա Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում։