Արարատում 39-ամյա կինը վաճառել է նորածնին. քրգործի նախաքննությունն ավարտվել է

Ծննդկանը գնորդից ստացել է գումարի մի մասը՝ պայմանավորվելով գումարային հարցերը վերջնական լուծել որդեգրման փաստաթղթերը ամբողջությամբ ձևակերպելուց հետո:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նորածնի առքուվաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, դեպքի բոլոր մանրամասները պարզվել են։

«Արարատի մարզի 39-ամյա բնակչուհին, ունենալով մոտ ութ ամսական հղիություն, 2020թ. հունիսին նույն մարզի բժշկական հաստատություններից մեկի մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբարձուհու օժանդակությամբ, 2000 դոլարով երեխայի վաճառքը կատարելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի բնակչուհու հետ: 39-ամյա ծննդկանը Երևանի բուժհաստատություններից մեկում հուլիսի 8-ին աղջիկ է ունեցել, իսկ հուլիսի 13-ին դուրս գրվել ու երեխային հանձնել գնորդին»,–նշված է քննչականի հաղորդագրության մեջ։

Նորածնի տատիկն է պարզել, որ թոռանը վաճառել են. մանրամասներ գյումրեցու դեպքից

Ծննդկանը գնորդից ստացել է գումարի մի մասը՝ պայմանավորվելով գումարային հարցերը վերջնական լուծել որդեգրման փաստաթղթերը ամբողջությամբ ձևակերպելուց հետո:

Բացի այդ, հուլիսի 13-ին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին հայտնել է ակնհայտ սուտ տեղեկատվություն, որի արդյունքում 43-ամյա տղամարդը ձեռք է բերել հայրության իրավունք և ստացել բովանդակությամբ կեղծ, հայրության որոշման մասին պետական վկայականները: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արարատի մարզի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը)  1-ին մասով և 169.1 հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը): Երևանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վերջինիս ամուսնուն, բուժհաստատության մանկաբարձ-գինեկոլոգին և մանկաբարձուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մայրը նորածին աղջկան 1 մլն 200 հազար դրամով վաճառել է. դատախազության բացահայտումը

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին: