«Ամանորն առանց դավաճան Նիկոլի». Վանեցյանը նոր կարգախոս առաջարկեց

Հազարավոր ոստիկաններ շրջափակել են ԱԺ–ն, որպեսզի, ըստ Արթուր Վանեցյանի, «Նիկոլին պաշտպանեն իր սեփական ժողովրդից»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը մոտ է, որևէ մեկը կասկած չունի, նա գնալու է։ Այս մասին Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը և առաջարկեց նոր կարգախոս. «Ամանորն առանց դավաճան Նիկոլի»։

Երևանում երթեր են ընթանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

«Մեր յուրաքանչյուր ակցիայից հետո երկրում իրավիճակ է փոխվում, մեր պահանջին օրեցօր ավելի շատ մարդիկ են միանում։ Մեր ակցիաները լինելու են մշտական՝ մինչև հասնենք այս ապիկար իշխանության հրաժարականին։ Մենք գործելու ենք բացառապես օրենքի շրջանակներում և օրենքով սահմանված բոլոր միջոցներն օգտագործելու ենք մեր ակցիաների համար»,–ասաց Վանեցյանը։

Նա բոլորի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ հազարավոր ոստիկաններ շրջափակել են ԱԺ–ի շենքը, որովհետև իրենք ավելի վաղ ասել էին, որ ցուցարարները թույլ չեն տալու Փաշինյանին ԱԺ մտնել։

«Մի մարդ, ով 2.5 տարի առաջ ոստիկաններին ասում էր՝ մի պաշտպանեք իշխանությանը, այլ անցեք ժողովրդի կողմը, ասում էր ոստիկանը մերն է և խոստանում էր, որ ինքը երբեք չի բաժանելու իրեն և ժողովրդին ոստիկանական պատնեշով, այսօր մի քանի հազար ոստիկաններ է բերել մահակներով զինված։ Ոստիկանները եկել են Նիկոլին պաշտպանելու իր սեփական ժողովրդից»,–ասաց նա։

Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել էին Մյասնիկյան պողոտան

Նա հորդորեց քաղաքացիներին ոչ թե տանը նստած հեռախոսներով ու համակարգիչներով հետևել ակցիաներին, այլ դուրս գալ փողոց և կանգնել իրենց կողքին։

Այս րոպեներին խորհրդարանում ընթանում է կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը։

Հավելենք, որ Հայրենիքի փրկության շարժման երթերի մասնակիցները մայրաքաղաքի տարբեր մասերից հավաքվել են Ազգային ժողովի մոտ։

Վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են սկսվել Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։