Ադրբեջանից Հայաստան վերադարձած 3 գերիները տարեցներ են

Քաղաքացիական անձինք հայկական կողմին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ռուս խաղաղապահների միջնորդությամբ այսօր` դեկտեմբերի 9-ին, Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 3 գերիները տարեց քաղաքացիական անձինք են։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը։

«Նրանք Հայաստանին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով, առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացրել են գերիների իրենց ցանկերը, որոնց վերջնական հաստատումից հետո գերիներին կփոխանակեն, հայկական կողմը փորձում է այդ գործընթացն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Ինչ վերաբերում է անհետ կորածների հայտնաբերմանն ու զոհերի մարմինների փոխանակման պայմանավորվածությանը, Ավինյանի խոսքով, նոյեմբերի 10-ից ի վեր ռազմադաշտից դուրս է բերվել 846 մարմին, այս պահի դրությամբ անճանաչելի մարմիններից 244–ը նույնականացվել են, մարմինները հանձնվել են ծնողներին։ 154 մարմնի հետազոտություններն արված են, և անհետ կորածների հարազատների ԴՆԹ–ի հետ համընկնումներ չեն եղել, 443 նմուշ էլ դեռ հետազոտման փուլում են։

Սիրիացի ահաբեկիչները ռազմագերի չեն. քննչական կոմիտեն` գերիների փոխանակման մասին

Հիշեցնենք, որ անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին հստակ տվյալներ չկան։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանում պահվում է մոտ 60 հայ գերի։

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անուններ։