Տրված ժամանակը լրացավ. ընդդիմությունը հայտարարեց անհնազանդության ակցիաների մեկնարկի մասին

Իշխան Սաղաթելյանը խոսեց ընդդիմության անելիքների մասին` ևս մեկ անգամ Փաշինյանի կոչ անելով անցնցում հեռանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար տրված վերջնաժամկետը այսօր ժամը 12։00-ին լրացել է, ու Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել։ Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով Հայրենիքի փրկության շարժման ուղերձը։

«Այս պահից սկսած մինչև 17։00–ն ՀՀ քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք` իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներն ու գործողություններն անելու»,– ասաց Սաղաթելյանը։

«Թող մեր երեխեքին հետ բերեն». անհետ կորած զինվորների ծնողներն Էջմիածնի զորամասի մոտ են

Նա նաև իրավապահներին կոչ արեց ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու խաղաղ հավաքներ անելու իրավունքը և չենթարկվել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգներին ու ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ։ Իսկ ժողովրդին կոչ արեց ամեն ինչ անել օրինականության ու Սահմանադրության պայմաններում։

«Նիկո՛լ, միևնույն է դու հեռանալու ես, հեռացիր անցնցում, գոնե այս անգամ խնայիր մեր ժողովրդին, պետությունն ու պետականությունը։ Գնա անցնցում, մի խաթարիր մեր երկրի ներքին կյանքը։ Քո հեռանալը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի ու պետությանն համար»,– ասաց նա։

Հիշեցնենք, նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ընդդիմադիր ուժերը և շատ քաղաքացիներ պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմադիրներն այսօր մինչև ժամը 12։00-ն ժամանակ էին տվել Փաշինյանին, որ հրաժարական տա, սակայն, ինչպես գրում են ԶԼՄ-ները, ընդդիմադիրները համոզված են, որ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնելու, ուստի 16 կուսակցությունները պլանավորել են վարչապետին տրված վերջնաժամկետից հետո սկսել անհնազանդության ակցիաները:

«Save եմ արել, հանձնաժողովին պետք կգա». Մարուքյանը` Սերժ Սարգսյանի ձայնագրության մասին

Նրանք պլանավորել են կաթվածահար անել Հայաստանն իր մարզերով և հատկապես Երևան քաղաքը: Այսինքն` իրենց նշած ժամից հետո ընդդիմությունը փակելու է Երևանի և տարբեր մարզերի փողոցները, կաթվածահար է անելու երթևեկությունը։