Հայտնի է` ով կփոխարինի Հունան Պողոսյանին. Սյունիքը նոր մարզպետ ունի

Ավելի վաղ Սյունիքի նորանշանակ մարզպետն ազատվել էր Սյունիքի փոխմարզպետի պաշտոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Մելիքսեթ Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ։ Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության կայքում։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ», – ասվում է համապատասխան որոշման մեջ։

Մելիքսեթ Պողոսյանը ազատամարտիկ է, արցախյան 90-ականների ազատամարտի մասնակից, «Մելիք Բարխուդար» ազատագրական ջոկատի հրամանատար, գնդապետ։

«Չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ». Հունան Պողոսյանը` իր հրաժարականի մասին

Նա այս պաշտոնում կփոխարինի Հունան Պողոսյանին, որը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018-ի հոկտեմբերի 16-ին, պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրել 2020-ի դեկտեմբերի 1-ին։

Նա նշել էր, որ որքան էլ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միևնույնն է, ինքը չի կարողանում համակերպվել ներկա իրողությունների հետ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։