ՊՆ–ում հերքում են Ռուստամ Մուրադովի հետ սպասվող հանդիպման լուրերը

Անհայտ կորած 40 զինծառայողների հարազատներ այժմ պաշտպանության նախարարության շենքի դիմաց են և սպասում են Մուրադովին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. Պաշտպանության նախարարությունում հերքում են ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ հանդիպման լուրերը։

«Թող մեր երեխեքին հետ բերեն». անհետ կորած զինվորների ծնողներն Էջմիածնի զորամասի մոտ են

«Պաշտպանության նախարարությունում նման հանդիպում նախատեսված չէ», – ասացին Sputnik Արմենիային ՊՆ–ից։

Նշենք, որ անհայտ կորած 34 զինծառայողների հարազատներ այժմ պաշտպանության նախարարության շենքի դիմաց են և սպասում են Մուրադովի գալուն։ Լրագրողների հետ զրույցում նրանք ասել են, որ նման տեղեկություն ունեն ՊՆ–ից։

«Մեզ ասացին` Ռուստամ Մուրադովը Ղարաբաղից գալիս է Հայաստան, արդեն ճանապարհին է, ամենաուշը գիշերը ժամը մեկին կլինի այստեղ, հանդիպում ունի։ Մենք էլ սպասում ենք իր գալուն, հուսանք` գոնե նա լուծում կտա մեր հարցին», – լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

Մյուսի խոսքով էլ` թեկուզ մինչև լույս սպասելու են Մուրադովի գալուն։

«Մինչև մեր երեխեքի մասին պատասխան չստանանք, չենք գնալու», – ասաց մյուսը։

«Աղաչում եմ, չլացես, մամ. հերոս կմնամ». անհետ կորած զինվորի վերջին նամակը

Նշենք, որ 34 զինծառայողները ծառայել են Էջմիածնի զորամասում` մինչև Արցախ տեղափոխվելը։ Նրանց մեծ մասը Արմավիրի և Արարատի մարզերից է։

Հիշեցնենք, որ զինծառայողների հարազատները այսօր առավոտյան բողոքի ակցիա էին իրականացրել Էջմիածնի զինկոմիսարիատի մոտ, որտեղից զորակոչվել են զինծառայողները։ Օրվա ընթացքում նրանց ընդունել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։