Մեկ օրում ավելի քան 500 փաստաբան է միացել Փաշինյանի հրաժարականի հայտարարությանը

Փաստաբանները ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջը ներկայացրել էին դեկտեմբերի 7-ին` կետ առ կետ նշելով նրա սխալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող փաստաբանների թիվը հատել է 650–ի սահմանը։

«Մեկ օրվա ընթացքում վարչապետի հրաժարականի հայտարարությանը միացել է ավելի քան 500 փաստաբան»,– Facebook–ի իր էջում գրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և 509 անուն հրապարակել։

Հիշեցնենք` փաստաբան Ամրամ Մակինյանը երեկ հայտնել էր, որ ավելի քան 150 փաստաբաններ պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Նա հրապարակել էր նաև փաստաբանների հայտարարությունը։

Սպիտակի համայնքապետարանը միացել է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Ըստ այդմ` փաստաբանները Փաշինյանի հրաժարականն են պահանջում, քանի որ, ըստ նրանց, վարչապետը խախտել է իշխանությունների բաժանման սկզբունքը՝ կալանավորելու հարցով դատավորի գործունեությանը «միջամտելու», դատարանների շրջափակումը կազմակերպելու, դատավորներին վիրավորելու, վեթինգով սպառնալու, դատավորների ԲԴԽ անդամների հետ կոնկրետ գործերը քննարկելու միջոցով։

Նշվում է , որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը խախտել է իշխանությունների բաժանման սկզբունքը՝ Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունները ապօրինի դադարեցնելու միջոցով՝ շրջանցելով Սահմանադրական դատարանի նախնական վերահսկողությունը և հանրաքվեն։

Ըստ հայտարարության`Նիկոլ Փաշինյանը չի կանխել փաստաբանների և լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ ուղղորդված ճնշումները։ Վարչապետի թիմը մերժել է փաստաբանի իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ օրինագծերը Ազգային ժողով ներկայացնելու` Փաստաբանների պալատի նախաձեռնությունները (դատական տուգանքի վերացում, փաստաբանին վիրավորելու համար պատասխանատվություն, կալանավորված փաստաբանի հետ փաստաբանների պալատի ներկայացուցչի հանդիպման հնարավորություն և այլն)։

Արամ Ա Կաթողիկոսը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Հայտարարության համաձայն` Փաշինյանի թիմն անհարկի երկարաձգել է արտակարգ և ռազմական դրությունները, դրանով իսկ խախտել է քաղաքացիների ազատ տեղաշարժման, հավաքների կազմակերպման և մասնակցության, խոսքի ազատության և այլ իրավունքները։

Ըստ փաստաբանների`Փաշինյանի թիմը կրթության և գիտության ոլորտներում իրականացրել է Հայաստանի ազգային շահերից չբխող քաղաքականություն։

Նշվում է, որ վարչապետը ձախողել է Հայաստանի Արցախի սահմանների պաշտպանությունը, որի արդյունքում, մասնավորապես, Արցախի Հանրապետության տարածքների մեծ մասը փոխանցվել են Ադրբեջանին, Հայաստանը և Արցախը կրել են մարդկային մեծ կորուստներ, բազմաթիվ մարդիկ մնացել են անօթևան։

Փաշինյանը գաղտնիության պայմաններում ստորագրել է Արցախի և Հայաստանի շահերին վերաբերող նվաստացուցիչ փաստաթուղթ՝ ի հակասումն իր իսկ խոստումների, որ գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվելու։