««Իմ քայլը» փորձել է տապալել ընդդիմության առաջարկը». ի՞նչ է առաջարկում Լիլիթ Մակունցը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ի լուր աշխարհի մեր ձայնը լսեցնելու համար պարտադիր չէ, որ այդ լսումները նաև ի լուր մեր թշնամու լինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի հաստատման ժամանակ այսօր բուռն քննարկում ծավալվեց ընդդիմության առաջարկած` գերիների հարցով քննարկման ու դրա ավարտին միջազգային կառույցներին ուղղված ուղերձ ընդունելու հարցի շուրջ։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկեց հարցը քննարկել փակ ռեժիմով։

«Քանի որ թեման շատ զգայուն է և առնչվում է ռազմագերիներին ու նրանց ընտանիքներին, և քանի որ օր առաջ կառավարությունն ու համապատասխան գերատեսչությունները զբաղվում են նրանք շուտափույթ վերադարձով, նրանց անվտանգությունից ելնելով ու այս գործընթացը չխաթարելու համար «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները գրությամբ դիմել են ԱԺ նախագահին, որպեսզի քննարկումը փակ լինի»,– ասաց Մակունցը։

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ թեև հարցը որևէ քաղաքական ենթատեքստ չունի, բայց երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փորձել են ԱԺ խորհրդի նիստում տապալել հարցի քննարկումը։

«Ինչո՞ւ են փորձել տապալել։ Որովհետև չեն ուզել, որ մենք ելույթներ ունենանք այս հարցով։ Երբ հասկացել են, որ անհնար է տապալել հարցը, այն պետք է պարտադիր քննարկվի, որոշել են փակ անել նիստը»,– ասաց Մարուքյանը։

Նա նաև հայտարարեց, որ փակ ռեժիմով քննարկումն անիմաստ է, ու կոչ արեց իր գործընկերներին ձեռնպահ մնալ հարցը փակ քննարկելուց, հակառակ դեպքում այն ինչ նախատեսված է հնչեցնել նիստի ժամանակ, կհնչեցվի այսօր ԱԺ հայտարարությունների ժամին։

Երևանը հուսով է, որ Բաքուն չի փորձի խափանել գերիների փոխանակման գործընթացը. Այվազյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ևս հայտարարեց, որ հարցի քննարկումը կարող է վնասել գերիների վերադարձի գործընթացն ու ավելի հետաձգել ժամկետները։

«Ի լուր աշխարհի մեր ձայնը լսեցնելու համար պարտադիր չէ, որ այդ լսումները նաև ի լուր մեր թշնամու լինեն»,– ասաց նա։

Ի պատասխան Գևորգ Գորգիսյանն էլ արձագանքեց, որ քննարկումը կարևոր է նրանով, որ պատկան մարմինները գան ու ներկայացնեն, թե ինչ են արել գերիների վերադարձի համար։

«Հիմա, փակելով այս ամենը` դուք հերթական անգամ փորձում եք վախեցնել մեր քաղաքացիներին, հերթական անգամ նույն միֆերն եք տարածում, թե բա մարդկանց կյանքերի համար եք մտածում։ Հարգելիներս, հերիք է խաբեք մեր քաղաքացիներին, հերիք է վախեցնեք մեր քաղաքացիներին ձեր ստերով»,– ասաց Գորգիսյանը։

Նշենք` գերիների հարցի քննարկումն ու ուղերձի ընդունումը ԱԺ «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկն է։

Զգայուն խնդիր է և հրատապ լուծման կարիք ունի. ՀՀ ԱԳ նախարարը խոսեց գերիների վերադարձի մասին

Քննարկման ավարտին նախատեսվում է ընդունել ուղերձ` ուղղված միջազգային բոլոր կառույցներին, բոլոր ինստիտուտներին, ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրներին, համանախագահ երկրներին` ռազմագերիների հարցը շուտափույթ լուծելու համար։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարությունը նախատեսում է նաև գերիների փոխանակման գործընթաց, բայց ժամկետները հստակեցված չեն։

Նիկոլ Փաշինյանը խոսեց գերիների ու անհետ կորածների մասին