Կաթողիկոսը հանդիպել է Փաշինյանին ու հորդորել, որ վայր դնի վարչապետի լիազորությունները

Ամենայն հայոց կաթողիկոսը հանդես է եկել ուղերձով։ Նա Ազգային ժողովին կոչ է արել նոր վարչապետ ընտրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ուղերձ է հղել` հայտնելով, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու հորդորել, որ վայր դնի լիազորությունները։

«Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները»,– նշված է կաթողիկոսի ուղերձում։

Նա նաև կոչ է ուղղում Ազգային ժողովին՝ մեր հայրենիքի համար այս վճռորոշ պահին գործել ամենայն պատասխանատվությամբ, ականջալուր լինել հանրության լայն շրջանակների կողմից հնչող պահանջներին և քաղաքական ուժերի հետ համախորհուրդ ընտրել նոր վարչապետ ու ձևավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։

«Միայն հանրային վստահություն ունեցող և արհեստավարժ անձերից կազմված կառավարությունն է, որ կարող պիտի լինի կարգավորել մեր ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները, վերականգնել ազգային համերաշխությունն ու միասնականությունը և կազմակերպել անվիճարկելի անհրաժեշտություն ներկայացնող խորհրդարանական արտահերթ ընտրությունները»,– ասում է Գարեգին Բ–ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նույնպես դիմել է Փաշինյանին` հորդորելով հրաժարվել վարչապետի պաշտոնից։

Նշենք, որ այս պահին Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում։ Ցուցարարները, «Նիկո՛լ, դավաճան» վանկարկելով, փակում են Երևանի կենտրոնական փողոցները։

Հիշեցնենք` բողոքի ալիքի պատճառ դարձավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների` նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունը, որի համաձայն`Արցախում դադարեցվեցին ռազմական գործողությունները։

Այդ փաստաթղթով սահմանվեց նաև, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձվում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։