Արդեն հայտնի է, որ մեր հավաքականն ընդգրկվել է Քաթարում 2022 թվականին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի յոթերորդ ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն են Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հս. Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականները։
Ռազմիկ Գրիգորյանի դիտարկմամբ`գերմանացիները, ռումինացիներն ու իսլանդացիները հեշտ մրցակիցներ չեն, Գերմանիայի ընտանին բնականաբար առաջատարն է, բայց մյուսների հետ կարելի է պայքարել։
«Մակեդոնացիներն ասես օրինաչափության համաձայն՝ մեզ հետ գրեթե միշտ հայտնվում են նույն ենթախմբում։ Հիշում եմ մակեդոնացիների հետ մեր հանդիպումները, այն ժամանակ նրանց կազմում, ինչպես նաև մեր հավաքականում, լեգեոներները շատ չէին, բայց ունեին մի քանի ուժեղ խաղացողներ` հանրահայտ Դարկո Պանչևի գլխավորությամբ, ու թեև այսօրվա կազմի շուրջ 85 տոկոսը հանդես է գալիս դրսի ակումբներում, այդուհանդերձ այն ժամանակվա կազմն ավելի ուժեղ էր»,– նշեց «Արարատ–2» ակումբի գլխավոր մարզիչը։
Գրիգորյանի կարծիքով` ցանկացած թիմի հետ դժվար է պայքարել, եթե նա ընտրում է պաշտպանական մարտավարություն, աչքի է ընկնում ամուր և կազմակերպված պաշտպանությամբ, այդուհանդերձ Իսլանդիայի ընտրանին այսօր չի առանձնանում միայն խորը պաշտպանական մարտավարությամբ, իսլանդացիների մեծ մասը հանդես է գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում, նրանք վերջին տարիներին ակնհայտ առաջընթաց են արձանագրել, ինչը մեծ նշանակություն ունի։
«Հիշում եմ նաև ռումինացիների հետ խաղերը, երբ մենք էինք հավաքականում և կարող եմ ասել, որ նրանց նախկին և ներկա կազմերի միջև տարբերությունը նույնպես շատ մեծ է։ Ներկա թիմն ավելի հզոր է։ Ինչ վերաբերում է գերմանացիներին, ապա նրանք, անկասկած, մրցակցությունից դուրս են, անվիճելի առաջատար են»,– նշեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչական շտաբի նախկին անդամը։
Գրիգորյանի համոզմամբ` թեև Լիխտենշտեյնի ընտրանու հետ վերջին հանդիպումներն անցան դժվարին պայքարում, սակայն այդ հանգամանքը ոչինչ չի նշանակում, և որքան էլ վատ վիճակում լինի մեր ազգային թիմը, պետք է, որ հաղթի իրենից խաղամակարդակով ցածր հավաքականներին։
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմայի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
«Արարատ–2» ակումբի գլխավոր մարզչի գնահատմամբ` Հայաստանի ազգային հավաքականն իր ենթախումբում ի զորու է հանգիստ պայքարել երկրորդ տեղի համար։ Ըստ նրա`շատ կարևոր է, որ մեր տղաները զերծ մնան վնասվածքներից, լինեն առողջ և խաղերին ներկայանան լավ մարզավիճակում։ Գրիգորյանի կարծիքով` թիմն արդեն ունի հստակ խաղային ձեռագիր, որում անշուշտ ներդրում ունեցավ իսպանացի մարզիչը, և անժխտելի է այն փաստը, որ մեր հավաքականն արդեն ցուցադրում է ավելի հետաքրքիր ֆուտբոլ։