ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Գերիների հարցն Ազգային ժողովում կքննարկվի դռնփակ ընթացակարգով։ Բուռն քննարկումից հետո խորհրդարանը 68 կողմ, 2 դեմ ձայնով ընդունեց «Իմ քայլի»` քննարկումը փակ անցկացնելու առաջարկը։
Ընդ որում` քվեարկությունը տեղի ունեցավ 3 փորձից, քանի որ ամեն անգամ իշխող ուժի պատգամավորներից մեկ–երկուսը դժգոհում էին, թե իրենց քվեարկությունը չի ստացվել։
Ավելի ուշ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իշխանական ուժին մեղադրեց քվեարկության արդյունքները կեղծելու մեջ` նշելով, որ 3 անգամ քվեարկություն կազմակերպելով ու խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը, նրանք որոշեցին ԱԺ նիստն անցկացնել փակ ռեժիմով։
Մարուքյանը նաև Facebook-ի իր էջում հրապարակել է ուղերձի նախագիծը, որում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը, ակնհայտորեն չի ընդունում իր իշխանության տակ հայտնված ռազմագերիների և ազատազրկված քաղաքացիական անձանց իրական քանակը, թաքցնում նրանց իրական քանակը, շարունակում դաժան վերաբերմունքը, ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները, ավելին՝ իր զինված ուժերի առանձին ներկայացուցիչների միջոցով տեսագրում այդ ամենը և տարածում սոցիալական ցանցերում և մեդիայում։
«Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների նպատակամղված, կազմակերպված և համակարգված քաղաքականությունը՝ ուղղված էթնիկ հայերի նկատմամբ ատելություն և թշնամանք բորբոքելուն, աշխարհի տարբեր մասերում հայերին սպանելու, խոշտանգելու գործում դեր ունեցած անձանց հերոսացնելուն՝ՀՀ ԱԺ–ն ուղերձով դիմում է միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին և Խոշտանգումների կանխման ենթակոմիտեին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Ռասայական խտրականության վերացման կոմիտեին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոմիտեին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ Մինսկի խմբին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Խոշտանգումների կանխման եվրոպական կոմիտեին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային ու ազգային կազմակերպություններին, կառույցներին և անձանց»,– ասված է ուղերձում։
Զգայուն խնդիր է և հրատապ լուծման կարիք ունի. ՀՀ ԱԳ նախարարը խոսեց գերիների վերադարձի մասին
ԱԺ–ն միջազգային կառույցներին կոչ է անում ստիպել Ադրբեջանին դադարեցնել խոշտանգումները, անմարդկային ու դաժան վերաբերմունքը հայ ռազմագերիների և ազատազրկված քաղաքացիական անձանց նկատմամբ, ստիպել Ադրբեջանին հայկական կողմին անհապաղ հանձնել իրենց իշխանության ներքո գտնվող հայ ռազմագերիներին, քաղաքացիական բնակչությանը, դադարեցնել ռասայական խտրականությամբ պայմանավորված հայատյացության քաղաքականությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ դպրոցներում, ուսումնական հաստատություններում, հասարակական, ռազմական և քաղաքական գործիչների հանրային հայտարարություններում, սոցիալական ցանցերում, մեդիայում, ինչպես նաև հայատյացության պետական քաղաքականության ցանկացած այլ դրսևորման մեջ։
Ադրբեջանցիները հստակ գիտակցում են, որ հայերի խոշտանգումն անպատիժ է մնալու. նոր զեկույց
Նշենք` գերիների հարցի քննարկումն ու ուղերձի ընդունումը ԱԺ «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկն էր։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարությունը նախատեսում է նաև գերիների փոխանակման գործընթաց, բայց ժամկետները հստակեցված չեն։