ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է իրենց սուբյեկտիվ հիմնական իրավունքներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, չչարաշահել դրանք, հարգել համաքաղաքացիների իրավունքները:
Մասնավորապես ՀՀ ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել օրինահարգության և համակեցության կանոնները։
«Ոչ ոք չի կարող սահմանափակել կարծիքի արտահայտման ազատությունը, բայց հիշեք, որ բոլոր քաղաքացիներն ունեն կարծիքի ազատ արտահայտման, ազատ տեղաշարժվելու, անդորրի և այլ սուբյեկտիվ իրավունքներ: Հիշեք, որ ձեր իրավունքներն օրենքին հակառակ և չարաշահումով իրականացնելը, ինչը դրսևորվում է փողոցների շրջափակմամբ, տրանսպորտի երթևեկության կազմալուծմամբ, առաջացնում է վարչական պատասխանատվություն։ Չխանգարենք ոչ մեկին, չխանգարենք հանրային համաձայնության կայացմանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը կոչ է անում հարգել միմյանց, ինչպես նաև թույլ չտալ հակահասարակական արարքներ, որոնք կարող են անվստահություն սերմանել օրենքի և օրինականության հանդեպ: «Ոստիկանությունը հավատարիմ է իր գործառույթների իրականացմանը՝ ապահովել օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, անդորրն ու անվտանգությունը: Համոզված ենք, որ սա նաև հասարակության առաքելությունն է, և համագործակցության կոչում ենք քաղաքացիներին՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի բարօրության»,-նշված է հաղորդագրության մեջ:
««Իմ քայլը» փորձել է տապալել ընդդիմության առաջարկը». ի՞նչ է առաջարկում Լիլիթ Մակունցը
Հիշեցնենք, նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ընդդիմադիր ուժերը և շատ քաղաքացիներ պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմադիրներն այսօր մինչև ժամը 12։00-ն ժամանակ էին տվել Փաշինյանին, որ հրաժարական տա, սակայն, ինչպես գրում են ԶԼՄ-ները, ընդդիմադիրները համոզված են, որ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնելու, ուստի 16 կուսակցությունները պլանավորել են վարչապետին տրված վերջնաժամկետից հետո սկսել անհնազանդության ակցիաները:
Նրանք պլանավորել են կաթվածահար անել Հայաստանն իր մարզերով և հատկապես Երևան քաղաքը: Այսինքն` իրենց նշած ժամից հետո ընդդիմությունը փակելու է Երևանի և տարբեր մարզերի փողոցները, կաթվածահար է անելու երթևեկությունը։