ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նորանշանակ ղեկավար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի սկզբում շեշտեց՝ իր առաջին արտասահմանյան աշխատանքային այցելության ուղղության ընտրությունը լիովին համապատասխանում է հայ-ռուսական դարավոր բարեկամության, համագործակցության ոգուն։ Նա խոսեց երկու ժողովուրդների միջև փոխադարձ վերաբերմունքի, բարեկամական հարաբերությունների մասին, որոնք արտահայտվեցին նաև երեսուներկու տարի առաջ, երբ Հայաստանը ցնցվեց ավերիչ երկրաշարժից։
«Արցախի ժողովրդի դեմ լայնամասշտաբ պատերազմը, որը սանձազերծվեց սեպտեմբերին վերջին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անթաքույց աջակցությամբ, Մերձավոր Արևելքից վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, դարձավ նոր ցնցում»,- նշեց նախարար Այվազյանը։
Օգտվելով առիթից՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը խորին երախտագիտություն հայտնեց ռուսական կողմին և անձամբ Սերգեյ Լավրովին՝ հակամարտության գոտում ռազմական գործողություններն ու կրակի լիովին դադարեցնելու ուղղությամբ գործադրված ջանքերի համար։
Նրա կարծիքով՝ այն իրավիճակը, որն այսօր ամբողջ տարածաշրջանում, պետք է լուծվի հանրության և ամբողջ հայ ժողովրդի համախմբման ճանապարհով։ Նա շեշտեց այս հարցում պետական մարմինների հստակ աշխատանքի, երկրի պաշտպանողականության բարձրացման, տնտեսության զարգացման և դաշնակիցների հետ համագործակցության կարևորությունը։
Նախարար Այվազյանի խոսքով՝ իրենք շարունակելու են այն քննարկումները, որոնք մեկնարկել են նոյեմբերին Երևանում, երբ Հայաստան այցելեց ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունը։ Մասնավորաբար, քննարկվում են ռուս խաղաղապահ առաքելության գործունեությունը, փախստականների վերադարձի համար համապատասխան պայմանների ապահովումը, հետագա քայլերը բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար, ենթակառուցվածքները վերականգնելու աշխատանքները, ինչպես նաև լոգիստիկ և այլ հարցեր։
Արա Այվազյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը մեկնարկեց
Նախարարն ընդգծեց, որ շատ զգայուն խնդիր է անհետ կորած զինծառայողների որոնողական, գերիների փոխանակման, զոհված զինծառայողների մարմինների որոնողական և փոխանակման աշխատանքների իրականացումը։ ԱԳ նախարարը շեշտեց, որ այս հարցը հրատապ լուծման կարիք ունի, հատկապես երբ մեծ ծավալի տեղեկություններ են ստացվում Ադրբեջանի կողմից գերիների հանդեպ ցուցաբերվող անմարդկային, դաժան վերաբերմունքի մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 6-7-ը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այց է կատարելու Մոսկվա։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական փոխներգործության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցությունում դիրքորոշումների կոորդինացիայի վերաբերյալ հարցեր։