Նիկոլ Փաշինյանն այցելել է երկրաշարժի էպիկենտրոն՝ Շիրակամուտ

Գործադիրի ղեկավարը եղել է նաև երկրաշարժից տուծաժ երեք քաղաքներում՝ Գյումրիում, Սպիտակում և Վանաձորում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից ամենից շատ տուժած բնակավայրեր։

Երկրաշարժի զոհերի հիշատակը ոգեկոչում ենք` ևս մեկ ցավ ունենալով մեր հոգում. ՀՀ նախագահ

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նա եղել է Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում, որտեղ երկրաշարժի էպիկենտրոնն էր։

«Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Շիրակամուտի համայնքապետարանի հարակից տարածքում տեղադրված հուշարձան-խաչքարին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կառավարության ղեկավարն այցելել է նաև Սպիտակ և Վանաձոր քաղաքներ։ Նա ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին և կատարել մոմավառություն։

Նիկոլ Փաշինյանն այցելել է երկրաշարժի էպիկենտրոն՝ Շիրակամուտ

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հանրապետության երկրորդ քաղաք՝ Գյումրի։ Այստեղ ժամը 11:41-ին նա մասնակցել է ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի մատուցվող պատարագին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։

Հիշեցնենք, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում գրանցված երկրաշարժի հետևանքով, պաշտոնական տվյալներով, զոհվել է 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամ է դարձել, ավելի քան 500 հազարը զրկվել է տնից։