ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը Հայաստանի տարածքի հանդեպ հավակնություններ չունի։ Տեղեկությունը հայտնում է Yeni Şafak պարբերականը:
«Մենք աչք չենք դրել Հայաստանի տարածքի վրա։ Կարգավորման գործընթացն օգտակար կլինի Հայաստանի ժողովրդին, մենք հանդես ենք գալիս արդար բաժանման օգտին», - ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով` թուրքական կողմի դիրքորոշումն ուժեղ է իրավական տեսանկյունից, և Անկարան հավատարիմ է այդ ուժն ի շահ բոլորի օգտագործելուն:
ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը Մոսկվայում հայտարարել էր, որ Հայաստանը միշտ շահագրգռված է եղել հարևանների, այդ թվում ՝ Թուրքիայի հետ խաղաղ հարաբերությունների զարգացմամբ: Սակայն հաշվի առնելով տարածաշրջանում Անկարայի ապակայունացնող և ագրեսիվ դերը` նրա հետ երկխոսության հաստատումը վստահություն է պահանջում։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են